Տնտեսություն

Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Նախագահի թեկնածուն ներկայացրեց իր պատկերացումները տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կոռուպցիայի նվազեցումը, մրցակցության ավելացումը, բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին, թե հիմա ինչպիսի տնտեսական քաղաքականություն պետք է վարել մրցունակ պետություն ունենալու համար:

Նա նշեց՝ պատահական չէ, որ, երբ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո քննարկվել է Հայաստանի տնտեսական ապագան, ինքը գնահատական տալուց շեշտել է մի կարևոր հանգամանք, որ միայն այն, որ կոռուպցիան կնվազի, մրցակցությունը կավելանա, այլընտրանքը կշատանա, դա տնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել:

«Հիմա ես կրկնում եմ նույնը՝ կոռուպցիան պետք է նվազի, մրցակցությունը, այլընտրանքները պետք է մեծանան: Դրանք լավագույն գործիքներն են, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»,-ասաց Խաչատուրյանը:

Նա խոսեց այլընտրանքների մասին՝ նշելով, որ երկիրը պետք է մտածի այլընտրանքների մասին:

«Խնդիրը հետևյալն է՝ մենք պետք է ունենանք բարձր տեխնոլոգիական տնտեսություն: Սրա տակ ամեն ինչ կարող ենք հասկանալ: Մենք այլընտրանք չունենք, կորցրել ենք այն հնարավորությունը Խորհրդային միության փլուզումից հետո, որ ունեինք այդպիսին դառնալու: Մենք կորցրել ենք այն տեխնոլոգիական, մարդկային, սարքավորումների պոտենցիալը, որ ունեինք Խորհրդային տարիներին: Մենք պետք է դա վերականգնենք: Մեր նախարարությունը լծված էր այդ գործին: Որոշակի, շատ քիչ հաջողություններ կային»,-ասաց Խաչատուրյանը:

Նա հավելեց, որ այն ծրագրերը, որոնք սկսվել էին իր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար լինելուց առաջ, շարունակվել են իր նախարար եղած ժամանակ:

Նա այլընտրանքների մասին խոսելով՝ նկատի ունի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, ճանապարհների բացումը, փակված վիճակից դուրս գալը: «Սրանք այն այլընտրանքներն են, այն հնարավորություններն են, որոնք մենք տնտեսության զարգացման ահռելի ճանապարհ են բացելու»,-ասաց Խաչատուրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում