Երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պետք է չտուգանվի. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երբեք չի ասել, թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացին չպետք է տուգանվի, սակայն կարծում է, որ նախկինում իր հնչեցրած հայտարարությունը, որ քաղաքացին «տուգանվելու մատերիալ չէ» այսօր լիարժեքորեն կյանքի է կոչված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյան այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանի հարցին:
Պատգամավորը նկատեց՝ ընդդիմադիրները պնդում են, թե գործող իշխանությունը շեղվել է հեղափոխության ժամանակ հնչեցրած այն սկզբունքից, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»:
Վարչապետը պատասխանեց, որ այո, ինքը ասել է, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, և դա ասել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ: «Իսկ ինչո՞վ էր այդ տուգանքային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանվելու մատերիալ, և ինչո՞վ այսօր չի դարձնում տուգանվելու մատերիալ: 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր. «խախտում ես անում, խնդիր չունես, տուգանվիր, էլի արա խախտում, ինչքան ուզում ես տուգանվիր, անսահմանափակ արա երթևեկության կանոնների խախտում»: Սա կարևոր արձանագրում էր: Ընդ որում` մենք ունենք 500 հազար դրամանոց տուգանք, էլիտար տուգանքներ: 2018-ի հեղափոխությունից հետո մենք նախ երթևեկության կանոնների 15 վարչական իրավախախտում, որոնցով տուգանքներ էին նշանակվում, փոփոխություն արեցինք, և դրանցով քաղաքացին միայն պետք է ստանա բանավոր զգուշացում, այսինքն չտուգանվի»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ իջեցրել են տուգանքների չափերը, շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանել են, այսօր դեպքերի 99 տոկոսում 29 հազար դրամից ավելի տուգանք չկա, իսկ նախկինում 40 հազար, 50 հազար, 500 հազար էին:
«Այստեղ է, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ վերջնականորեն. մենք քաղաքացուն ասացինք, որ եթե 1, 2, 3…9 խախտում է անում, նշանակում է, որ խնդիր ունի, և իրենք ոչ թե թողնում են, որ շարունակի խախտում անել և տուգանվել, այլ որոշակի սանկցիաներ են գործում, որի արդյունքում կզրկվեն վարորդական իրավունքից և կդադարեն լինել ուրիշի կյանքը վտանգող և հետևաբար նաև տուգանքի մատերիալ: Մենք երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պետք է չտուգանվի: Ընդ որում, մենք քաղաքացուն տուգանում ենք ոչ թե նրա համար, որ տուգանենք, այլ վարչական իրավախախտումները միջոց են օրենքի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու համար: Եվ հետևաբար այո, ես ասել եմ, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, և այդ հայտարարությունը լիարժեք կերպով կյանքի է կոչված»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ 2018-ին երթևեկության խախտումների համաներում են իրականացրել: