ՀՀ-ն շարունակում է ՌԴ-ի հետ բանակցությունները ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ գարնանացանի նախաշեմին պարարտանյութը եռակի անգամ թանկացել է, որը հնարավորություն չի տալիս գյուղացիական տնտեսություններին ձեռք բերել պարարտանյութ և մարդիկ կարողանան գարնանացան անել։
«Մենք ևս շատ մտահոգված ենք պարարտանյութի գների կտրուկ բարձրացման առթիվ։ Փետրվարի 7-ին Էկոնոմիկայի նախարարը շրջանառության մեջ է դրել պարարտանյութի սուբսիդավորման մասին Կառավարության որոշման նախագիծը, բայց միաժամանակ մենք շարունակում ենք բանակցությունները շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու համար։ ԵԱՏՄ-ի մասով Ռուսաստանը չի փակել ազոտական պարարտանյութերի արտահանումը և դա հասանելի է մեզ։ Շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների շուկայականից ավելի էժան գնով պարարտանյութ ձեռք բերելու մասին»,- ասաց Քերոբյանը։