Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փոխգործակցության հսկայական ներուժ կա. ավստրիական ընկերությունները Հայաստանում հետաքրքրված են մի շարք ոլորտներով    

Փոխգործակցության հսկայական ներուժ կա. ավստրիական ընկերությունները 
Հայաստանում հետաքրքրված են մի շարք ոլորտներով

 


 

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակում Երևանում տեղի ունեցավ Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ միջկառավարական նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը վերաբերող մի շարք նախագծեր:

«Նոր հեռանկարներ են բացվում հայ-ավստրիական երկկողմ համագործակցության համար: Հայաստանում բացվեց Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, ինչը նշանակում է, որ երկկողմ համագործակցության շրջանակում ավելի լայնածավալ ծրագրեր կիրականացվեն: Այս պահին համագործակցության հիմնական շրջանակը գյուղատնտեսության ոլորտում է, սակայն նպատակներ կան ընդլայնելու համագործակցության շրջանակները»,- հաղորդեց փոխնախարարը:

Ավստրիական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը նույնպես մեծ ներուժ է տեսնում հայ-ավստրիական գործնական կապերը զարգացնելու համար, ընդ որում՝ բազմաթիվ ոլորտներում: Դրանցից մեկն, օրինակ, վերականգնվող էներգետիկան է, որով ավստրիական կողմը շատ է հետաքրքրված: Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրենի խոսքով՝ ավստրիական ընկերությունների հետաքրքրությունների կենտրոնում են նաև գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և թվայնացումը:

«Կարծում եմ՝ ավստրիական և հայկական ընկերությունները կարող են միասին աշխատել այս դաշտում: Կան բազմաթիվ այլ բնագավառներ, որտեղ շատ մեծ ներուժ կա: Մեզ հետ ավստրիական մեծ պատվիրակություն է եկել Հայաստան, և ես փոխգործակցության հսկայական ներուժ եմ տեսնում»,- ասաց Ֆլորիան Ֆրաուշերը:

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: Ավստրիական պատվիրակության այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Փետրվարի 2-ին Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են Երևանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am