Մետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
1 րոպեի ընթերցում
![Մետրոպոլիտենի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1074591.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում հունվարի 26-ին արձանագրվել է ապօրինի թմրաշրջանառության բացահայտման՝ երկու, սառը զենքի հայտնաբերման՝ մեկ դեպք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, բաժնի տարբեր ստորաբաժանումների ծառայողները մետրոյի տարբեր կայարաններում ու կայարանների նախասրահներում իրականացրած ուժեղացված ծառայության ժամանակ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երկու երիտասարդի՝ 28 և 25 տարեկան։ «Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 4 գրամից ավելի։ 25-ամյա երիտասարդի մոտ կային նաև կաթուցիչներ։ Նույն օրը բաժին բերման ենթարկվեց նաև 24-ամյա երիտասարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կռփազենք.,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: