Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

«Դայմենշն» ներդրումային ընկերությունն ընտրվել է Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերի միակ շուկա ստեղծող

«Դայմենշն» ներդրումային ընկերությունն ընտրվել է Ակբա բանկի ցուցակված 
բաժնետոմսերի միակ շուկա ստեղծող

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը՝  «Դայմենշն» ՓԲ ընկերությունը, Հայաստանի խոշորագույն առևտրային բանկերից մեկի՝ Ակբայի կողմից ընտրվել է Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվող 500,000 հատ հասարակ բաժնետոմսերի միակ շուկա ստեղծող:

2021 թվականի նոյեմբերին Ակբա բանկը հաջողությամբ ավարտեց հասարակ բաժնետոմսերի ընդհանուր քանակի 10%-ի առաջնային տեղաբաշխումը, ինչի արդյունքում թողարկվեց 500,000 հատ հասարակ բաժնետոմս՝ 7.5 միլիարդ ՀՀ դրամ (շուրջ 15 միլիոն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով: Արդեն նոյեմբերին բանկի թողարկած բոլոր 500,000 բաժնետոմսերը սպառված են եղել՝ հնարավորություն տալով ավելի քան 5,200 անձանց դառնալ բանկի բաժնետեր։ Այս տեղաբաշխումը (IPO-ն) ամենահաջողն էր Հայաստանի Հանրապետության կապիտալ շուկաների պատմության մեջ՝ ներգրավելով կապիտալ Հայաստանի ներդրողների ամենալայն հատվածից։

«Դայմենշն»-ը ձեռք է բերել առաջնային տեղաբաշխման ընդհանուր թողարկման 2%-ը՝ դառնալով բանկի հիմնական ներդրողներից մեկը: Ակբա բանկի բաժնետոմսերը որպես ներդրումային գործիք գնահատելու նպատակով Դայմենշնի նախաձեռնությամբ պարբերաբար կիրականացվի Ակբա բանկի բաժնետոմսերի հետազոտական հաշվետվությունների հրապարակում՝  ներդրողներին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն:

«Բաժնետոմսերի վերլուծության, ինստիտուցիոնալ վաճառքի և block trading-ի մեր մասնագետները ամենօրյա գնանշումների միջոցով Ակբա բանկի գործող և ապագա բաժնետերերին թափանցիկ և արդյունավետ կերպով կապահովեն բաժնետոմսերի իրացվելիությունը», - նշել է «Դայմենշն» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը:

2021 թվականի դեկտեմբերին Ակբա բանկի բաժնետերերի ժողովը հաստատեց ընկերության բաժնետոմսերը ցուցակելու մասին որոշումը, ըստ որի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասին. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ը հիմնադրվել է 1996 թվականին, Ակբա ֆինանսական խմբի անդամ է: Բանկը Հայաստանի առաջատար ֆինանսական կառույցներից է, որն իր հաճախորդներին տրամադրում է բանկային ունիվերսալ ծառայություններ: Բանկն ունի 63 մասնաճյուղ, 400,000-ից ավելի հաճախորդ և ավելի քան 1,500 աշխատակից: Ակբա ֆինանսական խմբի անդամ են նաև Հայաստանում լիզինգային առաջին մասնագիտացված ընկերությունը՝ լիզինգային շուկայի բացարձակ առաջատար ԱԳԲԱ Լիզինգը և  Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը, որը Հայաստանում նշված ֆոնդերի երկու կառավարիչներից մեկն է:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին. Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, «Դայմենշն»-ի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդների շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գլոբալ ցանց:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]