Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Լադանիվա» խումբը միջազգային մրցանակաբաշխությանը հաղթել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

«Լադանիվա» խումբը միջազգային մրցանակաբաշխությանը հաղթել է «Հանդիսատեսի 
համակրանք» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ձևավորված «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, Հայաստանը ներկայացնելով՝ հաղթող է ճանաչվել Music Moves Europe Awards 2022 մրցանակաբաշխության «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Music Moves Europe Awards-ը Եվրոպական Միության` փոփ և ժամանակակից երաժշտության մրցանակն է:

Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել նորահայտ եվրոպացի արտիստներին և աջակցել նրանց միջազգային հանրահռչակման գործում: Ահա այս տարվա հավակնորդները. Ալինա Պաշ (Ուկրաինա), Աննա (Իտալիա), Բալկանյան Թաքսիմ (Ռումինիա), Blanks (Նիդեռլանդներ), Դենիզ Չայլա (Իռլանդիա), ДEVA (Հունգարիա), DORA (Իսպանիա), Francis of Delirium (Լյուքսեմբուրգ), Ֆրիդբերգ (Ավստրիա), Յադա (Դանիա), Լադանիվա (Ֆրանսիա), Մեսքերեմ Մեես (Բելգիա), Mezerg (Ֆրանսիա), Նեննի (Պորտուգալիա) և Զոե Ուիս (Գերմանիա):  

Ժյուրիի հեղինակավոր գլխավոր մրցանակը շնորհվել է Մեսքերեմ Մեեսին (Բելգիա), իսկ Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակին արժանացել է «Լադանիվան»: Music Moves Europe Awards 2022-ի հինգ հաղթողներն են՝ Դենիզ Չայլան (Իռլանդիա), ДEVA-ն (Հունգարիա), Mezerg-ը (Ֆրանսիա), Blanks-ը (Նիդեռլանդներ) և Ալինա Պաշը (Ուկրաինա): 

Հաղթողներն ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից, որի կազմում են Ջեմմա Բրեդլին (BBC Radio 1), Սինդի Կաստիլյոն (Mad Cool Festival), Քևին Քոուլը (KEXP), Բրայան Ջոնսոնը (Spotify) և ժյուրիի պատվավոր անդամ Ալյոնա Ալյոնան (Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիր, 2021):

«Հրաշալի է, որ հնարավորություն ունենք բացահայտել այդքան տաղանդավոր եվրոպացի արտիստների: Մեզ շատ կարևոր և բարդ առաջադրանք էր վստահված: Իսկապես, բոլոր անվանակարգերի հաղթողները մեզ զարմացրել են հիանալի երաժշտական բազմազանությամբ և արտիստիզմով»,- նշել են ժյուրիի անդամները:

Փոփ և ժամանակակից երաժշտության այս ամենամյա մրցանակը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի կողմից, տրվում է նորաստեղծ խմբերի արտիստներին, ովքեր ներկայացնում են այսօրվա և վաղվա եվրոպական հնչեղությունը: Մրցանակաբաշխության հաղթողները ստանում են 10 000-ական եվրո յուրաքանչյուրը: Ժյուրիի գլխավոր մրցանակի հաղթողը շահում է նաև 5 000 եվրո արժողությամբ կանաչ զբոսաշրջային լրացուցիչ կտրոն: Հանդիսատեսի համակրանքի հանրային ընտրության մրցանակի հաղթողը ստանում է 5 000 եվրո մրցանակ: Յուրաքանչյուր թեկնածուի նաև հնարավորություն է տրվում մասնակցել ESNS-ի վերապատրաստման օրվան՝ իրենց գործունեությունը միջազգայնացնելու, հմտությունները զարգացնելու համար։ 

«Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]