Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Podcast-FinInForm. Բոլոր հավկիթները մեկ զամբյուղում մի պահիր. ինչ պետք է իմանալ ավանդ ներդնելուց առաջ

Podcast-FinInForm. Բոլոր հավկիթները մեկ զամբյուղում մի պահիր. ինչ պետք է իմանալ 
ավանդ ներդնելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարկ վերցնելիս բախվե՞լ եք խնդիրների, ավանդ ներդնելիս տատանվել եք տոկոսադրույքի՞, դրամի՞ կամ արտարժույթի հարցում. «Արմենպրես»-ի պոդքաստային նոր շարքը կդառնա ձեր ֆինանսական խորհրդատուն, լրատվական գործակալությունը տալիս է ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված «ՖինԻնՖորմ» խորագրով պոդքաստային շարքի մեկնարկը:

«ՖինԻնՖորմ» -ի շրջանակում ավանդների մասին զրուցել ենք ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Արաքս Մանուչարյանի հետ:

Իսկ դուք գիտեի՞ք, որ Շվեյցարիայում այս պահին ավանդի տոկոսները բացասական են. ի՞նչ  է դա նշանակում. եթե ցանկանում եք Շվեյցարիայում բանկում ձեր գումարը պահվի, ապա, մի բան էլ պետք է դուք գումար տաք: «Նրանք ցածր ռիսկային պրոդուկտ են առաջարկում, և կարծում են՝ իրենց երկրում ավանդ ներդնելը շատ ապահով ներդրում է: Իսկ Վենեսուելայում, օրինակ, այս պահին ավանդների տոկոսադրույքը մոտ 36 տոկոս է: Դա նշանակում է, որ կորցնելու հավանականությունը պետք է հաշվի առնվի, և ամենայն հավանականությամբ բարձր է»,-ասում է Արաքս Մանուչարյանը:

Հայաստանյան բանկերում առաջարկներն այժմ տատանվում են 5-9.5 տոկոսի շրջանակում: 2017 թվականից դրամային ավանդների տոկոսադրույքը միջինում 9 տոկոս է, դոլարային ավանդների տոկոսադրույքը տատանվում է 3 տոկոսի շրջանում: Հայաստանում ավանդ կարելի է ձևակերպել նաև օնլայն բանկինգով և ստանալ ավելի բարձր տոկոսներ:

Իսկ հայաստանյան բանկերում ավանդ ներդնել դրամո՞վ, թե՞ արտարժույթով. իհարկե, անհատական ընտրության հարց է, չի կարող բոլորի համար մեկ ճիշտ պատասխան լինել: Դրամային ավանդների համար գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ, նաև երաշխավորման չափն է տարբեր: Դրամային ավանդների դեպքում երաշխավորման չափը 16 մլն դրամ է, իսկ արտարժույթով ներդրված ավանդներինը՝ 7 մլն դրամ: Բայց ֆինանսիստները միանշանակ չեն ասում, որ պետք է մեկ արժույթով ներդնել: Նրանք խորհուրդ են տալիս ելնել նպատակից, թե ինչ նպատակ ունի խնայողությունը: Եթե նպատակը հայկական դրամով է, օրինակ ՀՀ-ում բնակարան գնել դրամով կամ երեխայի ուսման վարձը վճարել, այդ դեպքում առաջարկվում է  հենց դրամով ներդնել ավանդը, իսկ եթե գումարը պետք է արտարժույթով, ապա կարելի է արտարժույթով դնել:

«Ասում են՝ բոլոր հավկիթները մի դրեք մեկ զամբյուղում: Դա նշանակում է ամեն բան մի պահեք մեկ տեղում, որովհետև կորցնելու հավանականությունը մեծանում է: Փորձեք տարբեր արժույթներով գումարը պահել, տարբեր գործիքներում, տարբեր կազմակերպություններում, որ եթե մեկը տուժի, սնանկանա, տատանվի, մյուսներով կարողանաք «մնալ ջրի վրա և լողալ»: Կարելի է մի մասը այլ արժույթներով պահել, մի մասը՝ հայկական դրամով, մի մասը՝ մեկ բանկում, մյուսը՝ այլ բանկում»,-խորհուրդ է տալիս փորձագետը:

Իսկ նվազագույնը որքա՞ն գումար պետք է ունենա քաղաքացին՝ բանկում ավանդ ներդնելու համար. ավանդ ներդնելու համար նվազագույն գումարի պահանջ իրականում օրենքով չկա: Սակայն այսպիսի պահանջ հաճախ դրվում է բանկերի ներքին իրավական ակտերով: Բանկերը կարող են սահմանել նվազագույն շեմի տարբեր մեծության պահանջ: «Շուկայում հանդիպում ենք 5000 դրամից սկսած, կարող է հասնել մինչև անգամ 500 հազար դրամի: Պահանջները տարբեր են, պետք է սպառողներին հորդորենք, որ իրենք ուսումնասիրեն բանկային ավանդների առաջարկները և տեսնեն, թե տվյալ ավանդի դեպքում որքան նվազագույն պահանջ կլինի»,-ասում է փորձագետը:

Այսպիսով՝ անգամ 10 հազար դրամ ունեցող քաղաքացին կարող է գտնել ավանդային առաջարկ:

Ավանդների տեսակները տարբերվում են ըստ տարբեր չափանիշների, օրինակ՝ ժամկետների, կան ցպահանջ և ժամկետային ավանդներ:

Նվազագույնը որքա՞ն ժամանակով կարելի է ավանդ ներդնել բանկում. ժամկետները տատանվում են, կան 3 ամսով, անգամ 1 ամսով առաջարկներ, կարող են մինչև 16-17 տարվա ավանդներ լինել: Օրինակ, կան մանկական ավանդներ, որոնք կարելի է ներդնել երեխաների համար և վերցնել օրինակ 17 տարի հետո:  Սակայն ավանդ ներդրած քաղաքացին ամեն պահի կարող է մտնել բանկ և ուզել իր գումարը, բանկը պարտավոր է տրամադրել մայր գումարը:

Ավանդների մասին առավել մանրամասն տեղեկատվության և խորհուրդների համար առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]