Մահացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհի Մարիամ Տոնյանը: Վաստակաշատ ուսուցչուհին, ով 84 տարի դասավանդել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, 102 տարեկան էր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից:
Մարիամ Տոնյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հունվարի 21-ին ժամը 17.30- ից, հուղարկավորությունը՝ հունվարի 22-ին ժամը 12.00-ին:
Մարիամ Տոնյանը ծնվել է 1919 թվականին Թիֆլիսում։ Երկու տարեկանից ընտանիքով տեղափոխվել են Երևան և ապրել Աբովյան փողոցում։ Մարիամի հայրը՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Արշակ Տոնյանը, ստալինյան բռնապետության ժամանակներում աքսորվել է և այլևս չի վերադարձել։ Հետագայում աքսորվել է նաև Մարիամ Տոնյանի ամուսինը՝ երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը։
Ավարտել է Երևանի կենտրոնական ցուցադրական դպրոցը, զուգահեռաբար երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Ուսման ընթացքում աշխատել է ուսումնարանում։ 84 տարի հարմոնիա է դասավանդել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրվանից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում