Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Մայիս

SPRING PR-ը ՝ միջազգային WCFA-ի Davos Digital PR Awards-ի հաղթող

SPRING PR-ը ՝ միջազգային WCFA-ի Davos Digital PR Awards-ի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SPRING PR ընկերությունը հաղթող է ճանաչվել WCFA-ի Davos Digital PR Awards մրցանակաբաշխության Best Digital PR Project անվանակարգում՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ համատեղ իրականացված «Կաթը սեր է» հաղորդակցային արշավով։

Արշավի նպատակն էր հանրության շրջանում ձևավորել կաթ և կաթնամթերք օգտագործելու նոր մշակույթ, բարձրացնել կաթնամթերքի օգտակարության մասին իրազեկվածության մակարդակը, հանրայնացնել պարենային անվտանգության մարտահրավերները՝ շեշտելով բնական մթերքներ օգտագործելու կարևորությունը:

«Կաթը սեր է» արշավը մեկնարկել էր 2020 թվականի մայիսին՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության և ճգնաժամի պայմաններում. մարդիկ մեկուսացած էին տներում, բազմաթիվ ընկերությունների գործունեությունը դադարեցված էր, ԶԼՄ-ները գործում էին հեռավար։ Փոխվում էր սպառողական վարքը, տարբեր ոլորտների կազմակերպությունների, ապրանքների և ծառայությունների հանդեպ վերաբերմունքը, ներկայացվող պահանջներն ու ակնկալիքները: «Կաթը սեր է» արշավով ազդարարվեց «Yeremyan Products» ապրանքանիշի կաթնամթերքի մուտքը շուկա:

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, անդրադառնալով թվային հարթակում արշավի իրականացման առանձնահատկություններին, նշեց.

«Ճգնաժամային պայմաններում շատ կազմակերպություններ ենթարկվեցին բարդ և կարևոր տրանսֆորմացիաների՝ հրաժարվելով փորձված, երկար տարիներ իրենց արդարացնող և արդյունավետ բիզնես մոտեցումներից։ Արդի հաղորդակցական տեխնոլոգիաներն էլ իրենց հերթին արմատական փոփոխություններ էին ապրում՝ զարգանալով, բարդանալով, գրավելով նորանոր լսարաններ։  Հաղորդակցությունների մասնագետներն առաջիններից էին, որ արձագանքեցին իրավիճակին և սկսեցին փնտրել լսարանի հետ հաղորդակցվելու նոր մոտեցումներ, առավել արդյունավետ ուղիներ և ձևաչափեր: «Կաթը սեր է» հաղորդակցային արշավն իրականացրել ենք՝ կիրառելով Digital տարբեր գործիքներ, նորարար և հետաքրքիր մեթոդներ։ Արշավը նաև առանձնահատուկ էր այն առումով, որ այդ օրերին մարդիկ սիրո, ջերմության և դրական էներգիայի կարիք ունեին, ինչը փոխանցելը մեր արշավի հիմնական նպատակներից մեկն էր։ Ուստի ընտրեցինք «Կաթը սեր է» ջերմ կարգախոսը։ Միջազգային ժյուրին արշավը հավանության է արժանացրել,  ակտիվորեն քննարկել  և այն  բնորոշել որպես հոգատարություն ու ջերմություն փոխանցող, հետաքրքիր ռազմավարությամբ իրականացված նախագիծ: Շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին այս բարձր գնահատականի համար»։  

«Կաթը սեր է» արշավը կաթնամթերքի հայաստանյան շուկայի բազմազանության և մրցակցային թեժ պայմանների համատեքստում կայուն դիրքավորման նոր ու յուրահատուկ մոտեցում էր։ «Կաթը սեր է» արշավի համար ոգեշնչման աղբյուր է եղել հայտնի Got Milk?   սոցիալական արշավը (ԱՄՆ, 1993):

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց.

«Երբ 2020 թվականի մարտից ռեստորանների գործունեությունը դադարեցվեց, մենք շատ արագ կողմնորոշվեցինք և մեր ամբողջ ներուժն ուղղեցինք  դեպի գյուղատնտեսական նախագծեր: Շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մեկ ամսում, լայն ու բազմազան շուկայի մրցակցային թեժ պայմաններում, մեր ֆերմաներում արտադրվող ու ռեստորանների համար նախատեսված թարմ, որակյալ կաթնամթերքը ներկայացրինք մեր սպառողներին՝ Yeremyan Products ապրանքանիշի ներքո: Նույն ընթացքում հաջողությամբ իրականացրինք իրազեկման ու հանրայնացման արշավը։ Բավականին դրական արձագանքներ ստացանք սպառողներից. գնահատվեց և՛ մեր գաղափարը, և՛ Yeremyan Products-ի ամբողջ արտադրանքը, և՛ դրա մատուցումը։ Ուրախ եմ ու հպարտ, որ SPRING PR ընկերության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հանրության կողմից»:

Նշենք նաև, որ 2017 թվականին SPRING PR-ընկերության «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծը Դավոսում արժանացել էր «C4F Davos, Ապագայի Պրո Բոնո» անվանակարգի մրցանակին: 

WCFA-ի նախագահ Մաքսիմ Բեհարն իր խոսքում նշեց, որ Davos Digital PR Awards-ն անցկացվում է առաջին անգամ.

«Davos Digital PR Awards-ն ամբողջությամբ նվիրված է բիզնեսի թվային հաղորդակցություններին, պետք է նշեմ, որ մրցակցությունն իսկապես շատ բարձր էր։ Սա վկայությունն է նրա, որ բիզնես հաղորդակցություններն ամբողջությամբ տեղափոխվում են թվային տիրույթ, և ես հավատացած եմ, որ ետդարձի ճանապարհ չկա։ WCFA-ի ժյուրիի կազմը գլխավորող սոցիալական մեդիայի փորձագետ Ռուի Մարտինսը համախմբել էր փորձառու մասնագետների աշխարհի բոլոր մայրցամաքներից, ինչը SPRING PR-ի հաղթանակն էլ ավելի արժեքավոր է դարձնում: Անկեղծորեն շնորհավորում եմ Հայաստանի իմ գործընկերներին, մաղթում նորանոր հաղթանակներ ու նախագծեր, տաղանդներ և, իհարկե, մրցանակներ»։

WCFA-ի Davos Digital PR Awards-ը գնահատում է հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտի ամենահետաքրքիր, ինքնատիպ ու արժեքավոր արշավներն ու  բացառիկ մասնագիտական աշխատանքը։ Best Digital PR Project անվանակարգում դիտարկվել են թվային հարթակում թիրախային ռազմավարությամբ իրականացված այն արշավները, որոնք փոխել են տվյալ բրենդի կամ արտադրանքի վերաբերյալ կարծիքները, կոտրել կարծրատիպերը և ձևավորել նոր վերաբերմունք։

Davos Digital PR Awards-ին ներկայացվել էին 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում մեկնարկած ամենաակնառու նախագծերը, որոնք դիտարկվել են երեք անվանակարգերում՝ Best Digital PR Project, Best Digital PR Company, Digital PR Guru of 2021։ SPRING PR-ը Best Digital PR Project անվանակարգի Gold Winner-ն է։ Մրցանակաբաշխությանը մասնակցում էին կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Կանադայից, Էստոնիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Սինգապուրից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից։

SPRING PR ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին  և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են  IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards (Communication for Future Davos Awards)-ը: 2019 թվականին SPRING PR-ընկերությունն իր  10-ամյակի առիթով Երևանում հյուրընկալել էր միջազգային PR-օրացույցում ամենախոշոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards  մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը:

2020 թվականին SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել իր միջազգային գործընկերներից Stratcomm Africa-ի, բրիտանական Jasper Alliance London Limited-ի, եվրոպական M3 Communications Group Inc-ի և վրացական PR Consulting Group-ի հետ:

2021 թվականին SPRING  PR-ն առաջին անգամ հայկական PR-ընկերությունների պատմության մեջ դարձել է PR ոլորտի օսկար համարվող IPRA Golden World Awards մրցանակաբաշխության հաղթող:  

The World Communication Forum Association (WCFA) ոչ առևտրային, անկախ կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից հաղորդակցության մասնագետների կողմից և գործում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում: WCFA-ի նպատակն է ակտիվորեն նպաստել ժամանակակից գլոբալ հաղորդակցությունների զարգացմանն ամբողջ աշխարհում: WCFA-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաղորդակցության, ԶԼՄ-երի և հասարակայնության հետ կապերի միջոցով միջսահմանային և միջմշակութային մասնագիտական հանրույթի ձևավորումը, ֆինանսավորման և միջազգային փորձառությունների միջոցով հաղորդակցության երիտասարդ մասնագետների աջակցությունը, ինչպես նաև վարքի ու կրթական նոր մոդելների, ճանաչելիության և ազդեցության նոր մեթոդների ակտիվացումը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]