Տնտեսություն

Բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի. Գեղամ Գևորգյան

2 րոպեի ընթերցում

Բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող կհայտնվի. Գեղամ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է համակենտրոնացումների 3 խոշոր գործարք՝ հայտնելով, որ բենզինի շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու:

Գևորգյանը հայտնեց, որ բենզինի շուկայում «Պետրոլ մարկետ»-ի 100 տոկոսը ձեռք է բերվել ընկերությունների կողմից, որոնք փոխկապակցված ընկերություններ են: ՄՊՀ նախագահի խոսքով՝ բենզինի ապրանքային շուկայում մոտ ժամանակներս նոր խաղացող է հայտնվելու:

«Մյուս գործարքը վերաբերում է Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատին, որի շուրջ 60 տոկոս փայաբաժին ձեռքբերում իրականացվել է ՌԴ-ում գրանցված «Արդյունաբերական ընկերության» կողմից: Սա հանքարդյունաբերության ոլորտում այս տարվա ամենախոշոր գործարքն է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Գևորգյանը:

Երրորդ խոշոր գործարքը հեռահաղորդակցության ոլորտում է: Rostelecom ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերվել ՀԷՑ-ի և ֆիզիկական անձի կողմից:

Անդրադառնալով հանրությանը հետաքրքրող վարույթների վիճակագրությանը՝ Գևորգյանն ասաց, որ տարվա ընթացքում քննվել է հակամրցակցային համաձայնությունների երկու գործ, գերիշխող դիրքի չարաշահումների 15 վարույթ, համակենտրոնացման հայտարարագրումների քանակն աճել է՝ դառնալով 25, չհայտարարագրված համակենտրոնացումների հարցով 11 վարույթ է հարուցվել:

«Պետական գնումների ոլորտում 13 վարույթ ենք հարուցել և 4 վարույթ՝ պետական մարմինների հակամրցակցային գործողությունների նկատմամբ: Սրանով ուզում ենք շեշտադրել, որ աչալուրջ ենք լինելու պետական գնումներում տեղի ունեցող հակամրցակցային համաձայնությունների և պետական մարմինների կողմից տենդերային փաստաթղթերի կազմման պրոցեսում մրցակցային խնդիրներին, ինչը լավ մեսիջ է բիզնեսին և հանրությանը, որ հանձնաժողովը հանձնառու է իր ինքնավար մարմնի կարգավիճակին»,-ասաց Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում