Ասելիքը՝ խորը, նյութը՝ բարդ. «Կեսարի խրախճանքը» ներկայացումը շարունակում է զարդարել 40-ամյա Կամերային թատրոնի խաղացանկը
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կամերային թատրոնը, որը 2021-ին նշում է հիմնադրման 40-ամյակը, արդեն գրեթե մեկ տարի հանդիսատեսին հնարավորություն է ընձեռում վայելելու Էդուարդ Ռաձինսկիի «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ներոնի խրախճանքը» ներկայացումը: Բեմադրությունը, որը թատերասերը դիտում է շունչը պահած՝ սպասելով իրադարձությունների` ոմանց համար կանխատեսելի, ոմանց համար էլ անսպասելի զարգացմանը, բեմադրել է Արշալույս Հարությունյանը: Հանրահայտ գործը պիեսի է վերածել թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մշտապես արդիական ստեղծագործությունն առաջին անգամ չէ, որ Կամերային թատրոնի բեմում է: 1984 թվականին այն բեմադրել է Արա Երնջակյանը, Ներոնի կերպարը կերտել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը: «Կեսարի խրախճանքը» ներկայացման մեջ Ներոնի դերը մարմնավորելու պատասխանատվությունը ստանձնել է դերասան Սենիկ Բարսեղյանը, որը ոչինչ չի խնայում Ներոնի իրական դեմքն ու դիմագիծը հանդիսատեսին ներկայացնելու համար: Նա Գեորգի Ամիրաղյանին ֆանտաստիկ երևույթ է համարում, հրաշալի մարդ, դերասան, որն օժտված է եղել աստվածատուր տաղանդով, եղել է իրենց ավագ ընկերը:
«Ինձ ոչ միայն բախտ է վիճակվել սովորել նրանից, այլև Ամիրաղյանի հետ զբաղված լինել նույն ներկայացման մեջ. նա խաղում էր Ներոնի դերը, ես մարմնավորում էի Ամուրին: Երբ համարձակությունս ներեց, մոտեցա պարոն Ամիրաղյանին ու ասացի, որ ուզում եմ մի փոքր հատված պատրաստել Ներոնից ու այն ներկայացնել Արա Երնջակյանին, և, եթե Երնջակյանը հավանություն տա, ապա կարող ենք փորձել ներկայացում: Նա ինձ ասաց, որ ամեն ինչով կօգնի: Այդպես էլ եղավ: Ոչ անմիջապես, բայց ձեռնամուխ եղանք ներկայացումը վերականգնելու գործին: Շատ էինք ուզում այն բեմ բարձրացնել հենց Ամիրաղյանի ծննդյան օրը: Այդպես էլ արեցինք»,-պատմում է Սենիկ Բարսեղյանը:
Ներկայացումը երեք փուլ է անցել, որոնք Բարսեղյանին օգնել են կերպարը կերտելու հարցում: Դերասանը խոստովանում է՝ Ներոնի հետ շատ բախումներ է ունեցել, դժվարություններ: Երբ սկսվել է համավարակով պայմանավորված անգործության շրջանը, ներկայացումն արդեն պատրաստ է եղել, բայց ստիպված են եղել դադարեցնել փորձերը: Հետո՝ պատերազմ, ու կրկին ընդհատվել են փորձերը: Միայն երրորդ փուլում են այն հանձնել հանդիսատեսի դատին:
«Ովքեր դիտում են ներկայացումը, տեսնում են, որ 3000 տարի պատմությունը չի փոխվում, այն կրկնվում է, դահիճը նույնն է մնում, նույն բռնապետը, ոճրագործն ու մարդասպանն է Ներոնը: Ինձ համար միշտ դժվար է խոսել Ներոնի մասին, որովհետև դեռ բացահայտումների փուլում եմ: Ամեն անգամ նոր բան եմ գտնում: Ուզում եմ փոքր-ինչ հասկանալ՝ դա ի՞մ դրսևորումն է, թե՞ Ներոնի: Հույս ունեմ, որ կարողացել եմ այնպես անել, որ կերպարի առումով նա ինձ չհաղթի: Յուրաքանչյուր դերասանի համար գունապնակում նման կերպար ունենալը մեծ հաջողություն է, բայց ինձ համար կրկնակի հաջողություն է, երբ կերպարը չի հաղթում դերակատարին: Դու էլ նրան չես հաղթում, ու հավասար եք գնում»,-ընդգծում է դերասանը:
Ըստ Բարսեղյանի՝ մեր ժամանակների համար «Կեսարի խրախճանքը» դժվար ու ծանր ներկայացում է, ասելիքը խորն է, նյութը բարդ է:
«Արա Երնջակյանը ստեղծագործությունը խտացրել է, դարձրել է պիես, բայց ասելիքը հստակ է ու մեր ժամանակներին հատուկ: Պատմությունը միշտ կրկնվում է, ու անիվն անդադար պտտվում է, զոհերը միշտ նույնն են, մարդասպաններն են տարբեր: Ներկայացման վերաբերյալ կան և՛ լավ, և՛ վատ, և՛ ադեկվատ արձագանքներ: Շատ առողջ եմ ընդունում այդ ամենը: Պատահում է՝ ինքս էլ եմ ցանկանում գնահատական տալ ներկայացման ավարտին: Հանդիսատես կա, որը գրեթե ամեն ինչ հասկանում է, հանդիսատես էլ կա, որն ընդհանուր պատկերներով է ընկալում: Ֆանտաստիկ է այն հանդիսատեսը, որը տիրապետում է նյութին, իսկ մտավորական թատերասերի կարիք թատրոնը միշտ ունի»,-շեշտում է Սենիկ Բարսեղյանը:
Խոսելով 40-ամյա թատրոնում աշխատելու մասին՝ նա նշում է՝ այսօր ունի նույն զգացողությունները, որոնք եղել են, երբ ընդունվել է թատրոն: Ասում է՝ մեծացել է ու սովորական մարդուց ավելի սովորական մարդ է դարձել: Շուրջ 15 տարի աշխատում է Կամերային թատրոնում և հույս ունի, որ թատրոնի անբաժան մասն է դարձել:
«Թատրոնն ինձ ապրեցնում է, ուժ ու հոգևոր սնունդ է տալիս: Իմ հիմնական բնակարանն ինձ քնելու համար է ծառայում, մնացած ժամանակն անցկացնում եմ այստեղ»,-ընդգծում է դերասանն ու հավելում, որ 2021-ին անցկացվել է թատրոնի «Երկաթ» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում խրախուսական մրցանակներ են ստացել: Բարսեղյանը կարծում է՝ դերասանն ամենազգացմունքային մարդն է, որը սիրում է գնահատված լինել, իսկ ընտանիքում գնահատված լինելն ամենակարևորն է:
Երիտասարդ դերասանուհի Մարիկա Դովլաթբեկյանը ներկայացման մեջ վարպետորեն մարմնավորում է Ներոնի մորը, կնոջն ու սիրուհուն: Խոստովանում է՝ իր առաջ բարդ խնդիր էր դրված, որովհետև կերպարների փոփոխությունը շատ արագ է արվում. փոխվում է և՛ պլաստիկան, և՛ ձայնը, հոգեբանական, հուզական դաշտը:
«Սա շատ նուրբ աշխատանք է, նուրբ անցումներ են: Ներոնը նմանություն է գտնում իր մոր ու սիրելի կնոջ միջև: Պետք էր նրանց կապել ու այնպես անել, որ տարբերվեն: Բարդ աշխատանք էր, բայց ստացվել է: Ներկայացումը ժամանակի ընթացքում ավելի է բացվում, ավելի է ընդլայնվում, մենք ենք մեծանում, ավելի ազատ դառնում: 1 ժամ 40 րոպե բոլորս բեմում ենք, կուլիսներում չենք լինում, ու այդ ընթացքում պետք է ամեն վայրկյան իմանանք, թե ով ենք, ինչ ենք խաղում, ինչպես ենք խաղում. գնալով բացահայտումներ են լինում, որովհետև նյութը շատ լայն է»,-նշում է դերասանուհին ու խոստովանում, որ ներկայացման յուրաքանչյուր տեսարան լուրջ ասելիք ու միտք ունի, բայց իրեն հատկապես դիպել է այն, թե ինչ է պատահում մարդուն, երբ նա չի կարողանում հաղթահարել մանկության տրավման:
Դովլաթբեկյանը նշում է՝ չնայած ներկայացման մեջ կա ագրեսիա, բռնություն, հաճախ բեմադրության ավարտին մարդիկ ցանկանում են գրկել միմյանց, որովհետև հասկանում են, որ սիրո պակասը շատ է և անհրաժեշտ է սիրել միմյանց:
«Երկաթ» մրցանակաբաշխությանը Մարիկա Դովլաթբեկյանն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» խրախուսական մրցանակին: Ընդգծում է՝ իր կյանքը շատ է փոխվել, երբ հայտնվել է Կամերային թատրոնում, ավելի շատ է սիրել դերասանի մասնագիտությունն ու այլ կերպ ճանաչել թատրոնը: Կամերային թատրոնն իր ընտանիքն է համարում, իսկ ընտանիքում գնահատված, սիրված լինելը կարևոր է ու հաճելի:
«Կեսարի խրախճանքը» վարկածի հեղինակը Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արշալույս Հարությունյանը, կոմպոզիտորը Վահե Գրիգորյանն է: Ներկայացման մեջ զբաղված են Սենիկ Բարսեղյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Դավիթ Գրիգորյանը, Սամվել Սերոբյանը:
Անժելա Համբարձումյան