Տնտեսություն

Ադամանդագործությունից մինչև դեղագործություն. պետությունը մտադիր է խթանել արդյունաբերական 5 գերակա ոլորտները

3 րոպեի ընթերցում

Ադամանդագործությունից մինչև դեղագործություն. պետությունը մտադիր է խթանել արդյունաբերական 5 գերակա ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է արդյունաբերական 5 գերակա ոլորտների զարգացման ռազմավարություն. դրանք են՝ ադամանդագործությունն ու ոսկերչությունը, թեթև և ծանր արդյունաբերությունները և դեղագործությունը. ոլորտների խթանման համար տարբեր ուղղություններով կլինեն աջակցության ծրագրեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Կառավարության ծրագրում նախանշվել էր արդյունաբերական զարգացման 5 գերակա ոլորտների մասին: «Գերակա ոլորտներն են ոսկերչությունն ու ադամանդագործությունը, թեթև արդյունաբերությունը (սնունդ, տեքստիլ և այլն), ծանր արդյունաբերությունը (լեռնամետալուրգիա և քիմիա,) սարքաշինությունը (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ) և դեղագործությունը»,-ներկայացրեց Տերյանը:

5 գերակա ոլորտների զարգացման հայեցակարգերը պատրաստման փուլում են: Այս հինգ ոլորտի զարգացման համար պետությունն աջակցության ծրագրեր է մշակում տարբեր ուղղություններով՝ այդ թվում լիզինգի սուբսիդավորում և այլն:

Փոխնախարարը հավատացած է՝ ոլորտների զարգացմամբ լուծելու են նաև սոցիալական հարցեր, նոր աշխատատեղեր են ստեղծվելու ադամանդագործության, ոսկերչության, թեթև արդյունաբերության ոլորտներում, իսկ դեղագործության, ծանր արդյունաբերության ոլորտներում նախատեսում են կիրառել նոր տեխնոլոգիաներ, այսինքն` ավելի շատ անցում կատարել ավտոմատացման:

Փոխնախարարը հիշեցրեց՝ Հայաստանն ադամանդագործության ոլորտում միշտ է ներուժ ունեցել: «Մինչև 2003 թվականը ադամանդի մշակման, արտահանման մեջ միշտ աճ ենք ունեցել, որից հետո, հումք ներմուծելու լավ պայմաններ չունենալով, այդ թվերը նվազեցվել են»,-նշեց նա:

Կառավարությունը նախորդ շաբաթ ընդունել է «Հայ ալմաստ» պետական ընկերության հիմնադրման որոշումը: Ընկերությունը պայմանագրեր կունենա ռուսական «Ալռուսա» և «Գոխրան» ընկերությունների հետ, որոնցից կստանա հումք և կփոխանցի հայկական ընկերություններին :Առանձին մասնավոր ընկերություններն, օրինակ, դժվարությամբ են երկարաժամկետ պայմանագիր կարողանում ձեռք բերել «Ալռուսա» ընկերության հետ։ «Ալռուսա»-ի հետ պայմանագիր ունի 37 ընկերություն, որոնցից մեկն էլ նախատեսվում է, որ կլինի «Հայ ալմաստ»-ը:«Այսպիսով, հումքի հարցն այդ ոլորտում մենք կլուծենք: Կարծում եմ՝ շատ արագ աճ կգրանցենք ոլորտում»,-ասաց Տերյանը:

Պետությունը նպատակ է դրել 2026 թվականին արդեն մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ հասցնել առնվազն 15 տոկոսի:

Խոսելով դեղագործության ոլորտի զարգացումից՝ Տերյանը հիշեցրեց, որ այս տարի արդեն հայկական դեղագործական ընկերությունը սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը: Սա, ըստ նրա, թերևս առաջին քայլերից է: Կզարգանա տեղական արտադրությունը, արտահանումը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում