Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Կապանում, Սևանում և Վայքում բացվել են  «Թումո» տուփեր

Կապանում, Սևանում և Վայքում բացվել են  «Թումո» տուփեր

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրի ընդլայնման շրջանակներում դեկտեմբերի 20-ին «Թումո» տուփեր են բացվել Կապանում, Սևանում և Վայքում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Թումո»-ից։

«Բացման միջոցառմանը Թումոյի ղեկավարությանը և աջակիցներին միացան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Թումոյի շրջանավարտներն ու Թումո տուփերի ապագա ուսանողները:



Կապանում Թումո տուփը կգործի մեկ տարի, ինչից հետո դրան կփոխարինի ամբողջական Թումո կենտրոն քաղաքի պատմական կայարանի շենքում, որը ներկայումս վերականգնվում է Ջուդի Սարյանի և Վիկտոր Զարուգյանի առատաձեռն նվիրատվության շնորհիվ։ Սևանի և Վայքի տուփերը կկցվեն համապատասխանաբար Դիլիջանի և Եղեգնաձորի Թումո կենտրոններին։

Ողջունելով ներկաներին` Թումո կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Այսօր անչափ ուրախ ենք բացել ևս երեք Թումո տուփ: Համայնք առ համայնք, մենք հասնում ենք Հայաստանի և Արցախի բոլո՛ր պատանիներին։ Թումո Հայաստան նախաձեռնության շնորհիվ գալիք տարիներին կբացվեն բազմաթիվ կենտրոններ և տուփեր, և հենց հաջորդը կլինի Թումո տուփի բացումը Մարտակերտում հունվար ամսին։ Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին՝ հազարավոր պատանիների կրթական մեծ հնարավորություններ ընձեռելու համար»։

Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տուփերի բացումը հնարավոր է դարձել «Թումո Հայաստան» ծրագրին միացած բարերարների շնորհիվ: Կապանի «Թումո» տուփը բացվել է Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի և անանուն բարերարների, Վայքինը` Արմինե և Արա Թավիթեանների, իսկ Սևանինը` անանուն բարերարների աջակցությամբ։ 

Կապանում տուփի գործարկմանը ներկա Կարապետ Պարտագճեանը նշել է. «Աջակցության համար կազմակերպություններ ընտրելիս, մենք նշել էինք նպատակներ, որոնց կցանկանայինք հասնել այդ միջոցներով։ Դրանք էին ուղղակի աջակցությունը ընտանիքներին և միջինից երկարաժամկետ կրթական հնարավորությունները երեխաների համար։ Իմանալով Թումոյի պատմության և Կապանում Թումո տուփ բացելու նրանց մտադրության մասին շատ ոգևորվեցինք՝ դա այն էր, ինչին ցանկանում էինք հասնել»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցների հարևանությամբ «Թումո» տուփերի տեղադրումը․ «Ողջունելի է, որ այսօր միառժամանակ երեք տուփեր են բացվում տարբեր մարզերում։ Կարծում եմ կրթական ոլորտի զարգացման դրական ազդեցությունը շատ կարճ ժամանակ հետո տեսանելի կլինի։ Բացի այդ, կարևորում եմ տուփի բացումը հենց դպրոցի հարևանությամբ։ Դա նշանակում է՝ շատ ջանք պետք է գործադրենք դպրոցը և «Թումո»-ի ծրագրերը համապատասխանեցնելու համար՝ դրանք օգտագործելու որպես ռեսուրս, միջավայր»։

Միջոցառումների ընթացքում Թումո տուփերում ամենաառաջինը գրանցված կապանցի, սևանցի ու վայքեցի պատանիները ծանոթացել են կրթական ծրագրին ու հանդիպել շրջանավարտների և փորձառու թումոցիների հետ: 



«Հատկանշական է, որ Թումո Դիլիջանի շրջանավարտ Գայանե Սաֆարյանը, որը մի քանի տարի շարունակ Թումոյի դասերին մասնակցելու համար Սևանից մեկնել է Դիլիջան, այսուհետև որպես մարզիչ օգնելու է իր քաղաքի պատանիներին։
«Թումոն իմ կյանքի լավագույն հաջողություններից է: Սիրելի մարզիչներիս շնորհիվ կամաց-կամաց սկսեցի բացահայտել իմ թաքնված տաղանդները: 5 տարի սովորած գիտելիքներս այժմ արդեն կարող եմ փոխանցել իմ համաքաղաքացի երեխաներին, որոնք այսքան ժամանակ Թումո հաճախելու հնարավորություն չեն ունեցել»,- ասում է Գայանեն: 

Նշվում է, որ «Թումո» տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի «Թումո» է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա «Թումո» կենտրոններ: Յուրաքանչյուր «Թումո» տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում ամեն տարի կրթությամբ ապահովել շուրջ 320 պատանու։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]