Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Օժանդակ տեխնոլոգիաներով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը. դրամաշնորհ ստացավ 4 ստարտափ

Օժանդակ տեխնոլոգիաներով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի 
որակի բարձրացմանը. դրամաշնորհ ստացավ 4 ստարտափ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Revive աքսելերացիոն ծրագրի շրջանակում դրամաշնորհ ստացան չորս ստարտափեր, որոնք զարգացնում են օժանդակ տեխնոլոգիաներ՝ խթանելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը կայացավ դեկտեմբերի 20-ին Երևանում:

«Revive ծրագիրն ուղղված է վետերանների աջակցությանը: Փորձում ենք գտնել գիտահեն լուծումներ, որոնք կարող են աջակցել վետերաններին ավելի բարեկարգ կյանք ունենալու համար»,-ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Revive-ը տեխնոլոգիական աքսելերատոր է՝ ուղղված ստարտափների կարողությունների զարգացմանն ու ընթացիկ բիզնեսի ընդլայնմանը՝ մշակելու օժանդակ տեխնոլոգիաներ, որոնք կխթանեն սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց կյանքի որակի բարձրացումը: Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրը տևել է մոտ 3 ամիս, մասնակցել է  7 երկրից ընտրված 12 ստարտափ, որոնցից 4-ը հաղթել է:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և նրանց համար հնարավորինս մատչելի, աջակցող միջոցների տրամադրումը մեր գերակայությունների մեջ է»,-վստահեցրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ընդ որում մրցանակակիրներից մեկը հենց նախարարի հրավերով Հայաստան ժամանած ստարտափերից մեկն է: «Նրանց հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր խնամքի հաստատություններում ունենանք տեխնոլոգիական սենյակներ»,-ասաց նախարարը:

Պետությունը նկատել է՝ հայկական ստարտափերը պրոթեզավորման գործընթացի համար ունեն պոտենցիալ, պատրաստ է աջակցել, որ դրանք կայանան, նաև դուրս գան միջազգային շուկա: «Մենք որպես ոլորտային նախարարություն շահագրգռված ենք, որ զարգանան, կայանան այս ստարտափերը, երբ արդեն կլինեն պատրաստի պրոդուկտներ, մենք պատրաստ ենք հավաստագրերի միջոցով ձեռք բերել և տրամադրել բոլոր այն հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք կունենան համապատասխան աջակցող միջոցի կարիքը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հաղթող ստարտափերին՝ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ասաց. «Դրանք շատ հետաքրքիր ու շատ նորարարական արտադրանքներ են, և հաշմանդամություն ունեցող անձինք դրանց կարիքը շատ ունեն»:

Հաղթողներից AIP Tech հայկական ստարտափի համահիմնադիր Մարինա Աղայանը, ներկայացնելով իրենց պրոդուկտը նշեց. «Կենսաքայքայվող և բիոակտիվ նյութ է, որը փոխարինելու է ոսկորին: Երբ ոսկորի մեծ դեֆեկտ ունենք, ավելի ցանկալի է ունենալ նյութ, որը ժամանակի ընթացքում կքայքայվի և կստիպի, որ բնական ոսկորն աճի իր փոխարեն»:

Պրոդուկտը ստանալու համար օգտագործվում է 3D տպիչ: Այն 8 տարուց ավել փորձարկումների, հետազոտությունների է ենթարկվել, փորձարկվել է նաև տարբեր կենդանիների վրա: Արդյունքը հաջորդ տարվա վերջին  արդեն դուրս կգա շուկա: Ստացված դրամաշնորհը ամենայն հավանականությամբ կուղղեն իրավաբանական հարցերի, մարքետինգային ծախսերը հոգալու համար:

Հաղթողներից Oqni-ն արհեստական բանականության վրա հիմնված ստորին վերջույթների պրոթեզներ արտադրող հայկական ստարտափ է, որը տրամադրում է նաև ինտեգրված վերականգնողական աջակցություն:

Sheral-ը իրանական ընկերություն է, որն արտադրում է ստորին վերջույթների պրոթեզներ՝ օգտագործելով ածխածնային մանրաթել:

Key2enable-ն էլ ամերիկյան ստարտափ է, որն առաջարկում է թվային հասանելիության նորարար գործիքներ, որոնք օգնում են հաղորդակցմանը, ուսմանը և ներառականությանը:

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]