Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

«Մեծամորի ոսկին» ցուցադրությանը ներկայացվեցին պեղումների ընթացքում հայտնաբերված թանկարժեք բացառիկ զարդեր

«Մեծամորի ոսկին» ցուցադրությանը ներկայացվեցին պեղումների ընթացքում 
հայտնաբերված թանկարժեք բացառիկ զարդեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծամորի ոսկին» ցուցադրությանը ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այն ներառում է ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլ արժեքավոր ցուցանմուշներ։ Ոսկու սրահում  ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային  առարկաներ։ Առանձնահատուկ  է  Հայաստանում  հայտնաբերված  ամենահին  ոսկին, որը 1,5 պտույտով  հերազարդ  է։

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդգծեց՝ ցանկացած հնագիտական արժեք ազգային հպարտության զգացում է առաջացնում, բայց այն, ինչ ցուցադրված է Մեծամորում, տասնապատիկ հպարտության  առիթ է ընձեռում, որովհետև գործ ունենք գանձերի հետ, որոնք ունեն ոչ միայն զուտ հնագիտական նշանակություն, այլև վավերագրական, որոնք արտացոլում են իշխանությունների հարաբերությունները, գործնական, տնտեսական կապերին վերաբերող ահռելի տեղեկատվություն են պարունակում և բացառիկ են ոչ միայն նրանով, որ ոսկուց ու թանկարժեք այլ մետաղներից են, այլև սեպագիր արձանագրություններով, որոնք ունեն պատմագիտական նշանակություն:

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ Խզմալյանն ասաց. «Մենք հաճախ ենք խոսում մեր մշակութային արժեքների պահպանական գոտիների անվտանգության մասին, բայց որևէ նախաձեռնություն չի կարող արդյունավետ լինել, եթե քաղաքացին, համայնքի բնակիչը պատասխանատվություն չկրեն այդ արժեքների ու միջավայրի համար: Մեր համոզմամբ՝ եթե մարդը չի ճանաչում արժեքը, չի կարող պատասխանատվության զգացում ունենալ դրա հանդեպ, և մենք  խնդիր ունենք հենց համայնքում ճանաչելի դարձնել այն արժեքները, որոնք այն ունի»,- շեշտեց փոխնախարարնը:

 «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն էլ ասաց՝ 120 տարի առաջ ոչ մեկը չգիտեր, թե որտեղ է Զվարթնոցը, իսկ 60 տարի առաջ՝ Անդրկովկասի էտալոնային հուշարձանը՝ Մեծամորը: Ըստ նրա՝ ժամանակի ընթացքում մեր պատմությունն ու ժառանգությունը վերադառնում են մեզ շնորհիվ այն մարդկանց, որոնք սրտացավ են:

«Ներկայացված բոլոր ցուցանմուշները յուրահատուկ են ու շատ կարևոր, որովհետև արտացոլում են մի ամբողջ ժամանակահատվածի արվեստն ու մշակույթը: Այս տարածաշրջանում 2000 տարի ոսկերչությունն ու ոսկու մշակումը շատ բարձր մակարդակ են ունեցել. ներառել են դրվագում, ագուցում, ամրակայում և այլն: Ներկայացված ցուցանմուշներից եզակի է Բաբելոնի տիրակալներից Ուլամ-Բուրիաշի  սարդոնիքսե գորտաձև կշռաքարը, որը  8, 5 գրամ է: Դա չափակշռային միավոր էր Հին Արևելքում: Այն օգտագործում էին եգիպտացիները, բաբելոնցիները, միթանացիները: Մենք ներգրավվել ենք այդ եռադաշինքում ընդդեմ Խեթական թագավորության և պարբերաբար մասնակցել ենք տարբեր գործընթացների: Ստացել ենք ոսկի, տվել ենք պղինձ և կարևոր դեր ենք խաղացել քաղաքական գործընթացներում»,- պատմեց Փիլիպոսյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ ցուցադրված է, միայն Մեծամորի պեղումներից է ստացվել: Փիլիպոսյանի հավաստիացմամբ՝ ցանկացած հնագիտական առարկա պետք է ներկայանա իր միջավայրում՝ հուշարձանին կից կամ մոտ  կառուցված թանգարանում, որպեսզի և՛ պահպանությունն ապահովվի, և՛ պատմամշակութային համայնապատկերը չխաթարվի:

«Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

Մեծամորի հնավայրում ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով,  երկնային մարմինների դիտումների համար նախատեսված հարթակ-«աստղադիտարան», մետաղի մշակութային ամբողջական ցիկլ  ներկայացնող հալոց-ձուլարանների  «արտադրամաս», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ:  

Թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 28 000 առարկա, որից  8500-ը ներկայացված է հիմնական ցուցադրությունում: Այն ընդգրկում է էնեոլիթի (պղնձաքարի) դարաշրջանից` մ.թ.ա V-IV հազարամյակներից  մինչև  ուշ միջնադար` 17-18-րդ դարերը և, ըստ ցուցափեղկերի, հանգամանորեն ներկայացնում է հնագույն բնակատեղիի, ապա նաև Հին Արևելքի ու հատկապես Հայկական լեռնաշխարհի կարևորագույն քաղաքատեղիներից մեկի ռազմաքաղաքական, տնտեսական, առևտրական, սոցիալ-մշակութային պատմությունը: Թանգարանում ցուցադրվում է նաև ուշ բրոնզե դարի դամբարանի վերակազմություն:

Թանգարանի հատուկ զետեղարանում ներկայացված են ոսկուց, անագից, արծաթից, սաթից, սարդիոնից, մածուկից պատրաստված պերճանքի եզակի առարկաներ:  Մեծամորի հնավայրից են հայտնաբերվել և թանգարանի հատուկ զետեղարանում է  ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնի ամենահին ոսկե զարդը: 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]