Հասարակական

Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով:

«COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը բարձրացնելու հրատապությունը։ Նույնը տեղի է ունենում նոր տարբերակի՝ Omicron-ի պարագայում: Միայն պատվաստումն է, որ կարող է փրկել մեզ բոլորիս։ Մենք խոսում ենք արևելյան գործընկեր երկրների մասին, որտեղ պատվաստումների միջին մակարդակը կազմում է ընդամենը 28 տոկոս: Այսպիսով, ժամանակն է օգնել նրանց արագացնել պատվաստումների գործընթացը և բոլորին լիարժեք պատվաստել»,-նշել է հանձնակատարը:

Եվրոպական հանձնաժողովը դեկտեմբերի 13-ին 35 մլն եվրոյի համաձայնագիր է ստորագրել Լեհական զարգացման բանկի հետ՝ Արևելյան գործընկերության երկրներ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացում ԵՄ անդամ պետություններին օժանդակելու նպատակով նորարարական մեխանիզմ ներդնելու վերաբերյալ։ Լեհաստանի դերն է օգնել համապատասխանեցնել ԵՄ անդամ պետություններում առկա պատվաստանյութերի դեղաչափերը Արևելյան գործընկերության երկրների զարգացող կարիքների հետ, ինչպես նաև վերահսկել ցանկացած անհրաժեշտ պայմանավորվածություն պատվաստանյութ արտադրողների հետ: Վերավաճառքի դեպքում Լեհական զարգացման բանկը կօգտագործի ԵՄ ներդրումը դոնոր անդամ երկրներին ոչ առևտրային հիմունքներով պատվաստանյութերի ծախսերը փոխհատուցելու համար: Ծրագիրը կգործի մինչև 2023 թվականի հունիսը կամ մինչև ԵՄ ներդրան սպառումը:

Այս մեխանիզմի շրջանակում նախատեսված առաջին առաքումը կիրականացվի առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից Հայաստան։ Մի շարք այլ անդամ երկրներ արդեն ազդարարել են այս ծրագրին մասնակցելու իրենց պատրաստակամության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում