Հասարակական

Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Նյութեր են նախապատրաստվում Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ձաղիձոր խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ-ների ներկայացուցիչներից, և վերաբերում են քվեարկության գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ստացված հաղորդումներից և ահազանգերից

  • 4-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում,
  • 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
  • 1-ը՝ Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

«Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում