Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Yerevan Jazz Fest-ի շրջանակում կներկայացնի համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Yerevan Jazz Fest-ի գրասենյակից, մանրամասնելով, որ համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։
Համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում