Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում և անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։ Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։ Էլեկտրոնային եղանակով  իրականացվող վարույթի փաստաթղթերը կտեղադրվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում։ Սակայն այս եղանակով, եթե հարկ վճարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի իրազեկվում՝ վարույթի փաստաթղթերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլ․ փոստով։

Օրենսդրական փոփոխությամբ դրոշմանիշային վճարները նախկինում եղած 1000 դրամի փոխարեն այժմ հաշվարկվում են պրոգրեսիվ սանդղակով։

2019-2021 թթ. հարուցված վարչական վարույթների արդյունքում կայացվել են 3477 գանձման որոշումներ և վերականգնվել է 1 մլրդ 233 մլն դրամ գումար։ 2019 թվականին 237 որոշումով վերականգնվել է 155 մլն, 2020 թվականին 1012 որոշումով՝ 167 մլն, իսկ 2021 թվականին կայացված 2228 որոշումների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ  910 մլն դրամ։

«Այդուհանդերձ ՊԵԿ տեղեկատվական բազայում դեռևս առկա են բազմաթիվ հարկ վճարողներ, ովքեր ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ:

Պետական եկամուտների կոմիտեն նախազգուշացնում է՝ եթե որոշմամբ չկատարված պարտավորության գումարը գերազանցում է մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամը, հարկային մարմինը կարող է իրականացնել գույքի արգելադրման աշխատանքներ։

Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է՝ պատշաճ կատարել դրոշմանիշային վճարների գծով պարտավորությունները և խուսափել խնդիրներից»,- նշված է հաղորդագրության մեջ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]