Դպրոցների շենքերի կառավարմամբ կզբաղվի ուրիշ պաշտոնյա. վարչապետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շարունակելու են հանրակրթության ոլորտում իրականացնել իրենց համար կարևոր բարեփոխումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի կողմից «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացնելուց հետո, վարչապետը նշեց, որ այդ օրենքի ընդունմամբ մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրակրթության ոլորտում:
«Ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա դպրոցի բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դռան, լուսամուտի, տանիքի, խողովակի, սալիկի և այլ հարցերով։ Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից։ Այսինքն՝ տնօրենը զբաղվելու է կրթության բովանդակությամբ` այն բոլոր հարցերով, որոնք կապված են բացառապես կրթության բովանդակության և որակի հետ»,- ասաց Փաշինյանը:
Երկրի ղեկավարը շեշտեց` դպրոցների շենքերի կառավարմամբ կզբաղվի ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող: