Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Սոչիում կարող է որոշում ընդունվել դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մասին

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Սոչիում կարող է որոշում ընդունվել դեմարկացիա և 
դելիմիտացիա սկսելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ առավելագույնը, որ կարելի է սպասել Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեմարկացիա (սահմանազատում) և դելիմիտացիա (սահմանագծում) սկսելու մասին որոշումն է և այդ հարցով զբաղվող կառավարական հանձնաժողով ձևավորելու մտադրության ամրագրումը: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ի ասուլիսի պատասխաններից՝ Սոչիի բանակցությունների օրակարգում որևէ այլ փաստաթուղթ չի լինելու:

«Մտավախություններ կան, որ այլ փաստաթուղթ կստորագրվի, բայց վարչապետը փաստացի բացառեց, որ օրակարգում այլ փաստաթուղթ կարող է լինել: Ադրբեջանը փորձում էր այս խնդիրը կապել Արցախյան խնդրի հետ, փորձում էր կապել խաղաղության պայմանագրի հետ, բայց դրանք տեսականորեն և գործնականորեն կապ ունենալ չեն կարող, քանի որ Ռուսաստանը ինքն էլ, ըստ էության, չի կարող անել ավելին՝ կապել այդ բոլորը, Մինսկի խմբի մանդատը բերել-խառնել եռակողմ ձևաչափի հետ, որը ակնհայտորեն չի ճանաչվի ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ֆրանսիայի կողմից: Բացի այդ, Ռուսաստանը ինքն էլ դա չի կարող նպատակահարմար համարել: Իսկ եթե տարածքային ամբողջականությունը և խաղաղության պայմանագիրը հնարավոր չէ խցկել եռակողմ ձևաչափի մեջ՝ մնում է միայն դեմարկացիան և դելիմիտացիան, այսինքն՝ սահմանազատում և սահմանի այսպես կոչված «վիճելի» հատվածների պարզաբանում: Սա առավելագույնն է, որը թույլ է տալիս ներկայիս իրավիճակը», - մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այս իրավիճակում, երբ ինքը Մոսկվան՝ բանակցությունները կազմակերպող կողմը, չի ցանկանում «սպանել» ԵԱՀԿ Մինսկի խումբը և Մինսկի խմբի մանդատի ներքո գտնվող խնդիրները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, հակամարտող պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը և խաղաղության պայմանագրի կնքումը բերել եռակողմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան համաձայնությունների դաշտ, հետևաբար կարելի է ենթադրել երկու հնարավոր տարբերակ՝ կա՛մ Ադրբեջանը կհամաձայնի նրան, ինչին համաձայն են Հայաստանը, կա՛մ էլ չի համաձայնվի և Սոչիում ոչ մի որոշում չի ընդունվի:

Ինչ վերաբերում է Կրեմլի հաղորդագրության այն կետին, որ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին, «Արմենպրես»-ի զրուցակիցը պարզաբանեց՝ դա նշանակում է, որ լավագույն դեպքում քննարկվելու է հունվարի 11-ի հայտարարության ընթացքը:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այստեղ էլ Հայաստանի համար ռիսկեր, կարծես թե, չկան, քանի որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «միջանցքի» մասին որևէ խոսք չկա ո՛չ հունվարի 11-ի հայտարարության, ո՛չ էլ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Ադրբեջանն էլ, ինչպես վարչապետ Փաշինյանը փաստեց, աշխատանքային քննարկումների ժամանակ երբևէ չի օգտագործել «միջանցք» եզրույթը և չի խոսել այդ մասին:

Եվ բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը նոյեմբերի 5-ին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտել էր, որ տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման դեպքում ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնցով կանցնեն տվյալ ճանապարհները:

Մամուլում վաղուց էին շրջանառվում տեղեկություններ այն մասին, որ նոյեմբերի 9-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտվելու և ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման տարելիցի կապակցությամբ նոր եռակողմ հանդիպում է տեղի ունենալու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Սակայն Մոսկվան միայն այս շաբաթ պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունները: Կրեմլի մամուլի ծառայությունը նոյեմբերի 23-ին հայտնեց, որ 2021 թ. նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ, Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ նվիրված 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարեդարձին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին: Նույն օրը ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը:

2021 թ. հունվարի 11-ին ընդունված հայտարարությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ամրագրել էին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվելու է տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգմանն ուղղված հարցերով:

 

Արամ Սարգսյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]