Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը

Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի 
զոհված սպաների հուշարձանը

ԵՐԵՎԱՆ - ԵՐԱՍԽ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայոր Յուրի Իշչյուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը նվիրյալ զինվորականներ էին, որոնք զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ադրբեջանի կողմից խփված ռուսական ուղղաթիռի անձնակազմի երկու զոհված անդամների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը՝ ըստ էության կասկածի տակ դնելով ադրբեջանական կողմի այն պնդումը, թե իբր Հայաստանի օդային տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը «պատահականություն» է եղել:

«Այս ողբերգական միջադեպը, որը ադրբեջանական կողմը կոչում է «պատահականություն», տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել ռազմական բախումներ: Եվ ահա այսօր ներկա ենք մի հուշակոթողի բացման, որը հավերժացնում է օդաչուներ մայոր Յուրի Վ. Իշչյուկի և ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի հիշատակը, երկու նվիրյալ զինվորականների, որոնք զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս», - ասաց ՏԿԵ փոխնախարարը՝ իր զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

2020 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խփված ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռի անձնակազմի զոհված երկու անդամների` ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի և մայոր Յուրի Վ. Իշչյուկի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ «ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Արման Եղոյանը, «ՄԻՐ» ՄՀՀ ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը, Կանանց եվրասիական միության նախագահ Նաիրա Չարչյանը, քաղաքական գործիչներ Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը և այլոք:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ «ՄԻՐ» ՄՀՀ-ին հողատարածք էր հատկացվել հուշարձանի տեղադրման և հետագայում ռազմապատմական հուշահամալիրի կառուցման համար։

«Հիշատակի Բլուր» ռազմապատմական հուշարձանի կառուցման նպատակն է հավերժացնել 2020 թ. նոյեմբերի 9-ին խոցված ՌԴ Ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանի շարասյան ուղեկցությամբ:

Ավագ լեյտենանտ Ֆեդինի և մայոր Իշչյուկի կիսանդրիները մասն են այն մեծ հուշահամալիրի, որի կառուցումը կազմակերպիչները նախատեսում են ավարտին հասցնել 2024 թվականին։

2020 թ. դեկտեմբերի 12 այստեղ բացվել էր ռուս սպաների հիշատակի հուշատախտակ՝ «Հավերժ փառք» խորագրով: 2020 թ. դեկտեմբերի 20-ին՝ անվտանգության աշխատակիցների օրը, «ՄԻՐ» հիմնադրամի ներկայացուցիչները ռուս սպաների հիշատակի բլրի ներքո ապագա պատիճ էին ամփոփել՝ ապագա սերունդներին ուղղված ուղերձով և նախատեսում են սահմանային սյուն կանգնեցնել նշված վայրում: Հուշահամալիրի տարածքում կառուցվելու է նաև եկեղեցի-մատուռ և թանգարան:

Հենց այս վայրում է ընկել Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրը Նախիջևանի կողմից շարժական զենիթահրթիռային համալիրի արձակած կրակից խփված ռուսական Մի-24 ուղղաթիռը, որն ուղեկցում էր դեպի Լեռնային Ղարաբաղ շարժվող ռուսական խաղաղապահ ուժերի շարասյանը։ Անձնակազմի անդամներից երկուսը զոհվել էին, իսկ երրորդը ողջ էր մնացել՝ ստանալով միջին ծանրության վնասվածքներ:

Ադրբեջանը նույն օրը՝ նոյեմբերի 9-ին, արտգործնախարարության հայտարարությամբ խոստովանել էր, որ ռուսական ուղղաթիռը իր զինվորականների կողմից է խոցվել, ներողություն էր խնդրել ռուսական կողմից և պնդել, թե ողբերգական միջադեպը «պատահմամբ» է տեղի ունեցել։ Պաշտոնական Բաքուն հավաստիացրել էր, որ տեղի ունեցած դեպքը ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ, և դրամական փոխհատուցման պատրաստակամություն էր հայտնել։

Եվ չնայած Բաքուն պատճառաբանում էր, թե ադրբեջանական զինուժի հերթապահ մարտական հաշվարկը որոշում էր կայացրել կրակ բացել «հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ», թե՛ հայկական կողմը, թե՛ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը իրենց հայտարարություններում շեշտել էին, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խփվել է ռազմական գործողությունների գոտուց դուրս գոտուց դուրս` Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը ավելի ուշ հայտարարեց, որ Ռուսաստանը ընդունել է Բաքվի ներողության հայցը՝ հաշվի առնելով Ադրբեջանի արագ արձագանքը և անաչառ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու Բաքվի հավաստիացումները։ Նախիջևանի զինվորական դատախազությունը ռուսական ուղղաթիռի կործանման քրեական գործը հարուցել էր «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հոդվածով, որն առաջացրել է երկու և ավելի մարդկանց մահվան՝ անզգուշության պատճառով կամ պատերազմի, կամ մարտական գործողության ժամանակ։

Արամ Սարգսյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]