Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ն կարևոր նշանակություն ունի ԵՄ երկրների համար տնտեսական և գեոստրատեգիական առումով. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՀՀ-ն կարևոր նշանակություն ունի ԵՄ երկրների համար տնտեսական և 
գեոստրատեգիական առումով. Եվրախորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը այս շաբաթ մասնավոր այցելությամբ եկել է Հայաստան և որպես Եվրոպական խորհրդարանի Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ հանդիպումներ է ունեցել հայ խորհրդարանականների, մասնավորապես՝ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ինքը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը:

«Սա, իհարկե, իմ առաջին այցելությունը չէ Հայաստան, ես Հայաստանում արդեն եղել եմ: Իմ այս այցելությունը մասնավոր է, և ցանկություն ունեմ հայաստանյան մեր գործընկերների հետ կարծիքներ փոխանակելու ինչպես տնտեսության և առևտրի բնագավառին առնչվող հարցերի, այնպես էլ ռազմավարական հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, ինձ հետաքրքրում են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները տնտեսական առումով», - «Արմենպրես»-ին հաղորդել է Լարս Պատրիկ Բերգը՝ հիշեցնելով, որ նախքան Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալն ինքը եղել է Գերմանիայի Բադեն-Վյուրթենբերգ երկրամասի խորհրդարանի անդամ և իրեն մշտապես հետաքրքրել են ոչ միայն տնտեսական հարցերը, այլև արտաքին քաղաքականությունը, պաշտպանության և անվտանգության հարցերը:

Բերգի խոսքով՝ Վահե Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, իսկ Արման Եղոյանի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ: Հանդիպումները հայ խորհրդարանականների հետ տեղի են ունեցել նոյեմբերի 4-ին:

Այդ համատեքստում Եվրախորհրդարանի պատգամավորը անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանի բոլոր կուսակցություններն էլ հետաքրքրված են այդ համաձայնագրի կենսագործմամբ, քանի որ Հայաստանը՝ որպես առանձին երկիր և ընդհանուր տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի Եվրամիության անդամ պետությունների համար ոչ միայն տնտեսական, այլ նաև աշխարհառազմավարական առումով:

«Բավական է նշել միայն այն փաստը, որ Հայաստանը 2001 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպայի խորհրդի անդամ, և այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվել Հայաստանի մասով: Վերցնենք թեկուզ իրավական պետության հարցը, դատաիրավական բարեփոխումները և այլն: Եվ այս ուղղությամբ ցանկացած այլ քայլ, որը կխորացնի այդ զարգացումները, միշտ պետք է դրական գնահատել», - ասել է Լարս Պատրիկ Բերգը:

2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:

Լարս Պատրիկ Բերգը նախկինում մի քանի անգամ այցելել է ՀՀ և Արցախի Հանրապետություն: Նա Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցությունից է, ԵԽ Տնտեսական և արժութային հարցերի հանձնաժողովի անդամ և ներկայացնում է գերմանական Լիբերալ-պահպանողական ռեֆորմիստների կուսակցությունը: Նախկինում եղել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից՝ ներկայացնելով ԵԽ «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությունը: Մինչև 2021 թ. մայիս ամիսը նա եղել է Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ:

Զրուցել է Արամ Սարգսյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am