Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-33/21. Հովհաննիսյան, Կոնդե, Ֆերգյուսոն  

«Նոր գիրք»-33/21. Հովհաննիսյան, Կոնդե, Ֆերգյուսոն

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած նորությունները: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ
Անատոլի Հովհաննիսյան, «Գնում եմ կորեմ»

«Արդի» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Անատոլի Հովհաննիսյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Այն ընդգրկում է հեղինակի նախորդ երկու գրքերը գրեթե ամբողջությամբ. այս գիրքը ընթերցողին հնարավորություն է տալու տեսնելու նրա անցած ողջ գրական ուղին ու ընթացքի զարգացումը ժամանակակից հայ պոեզիայի խորապատկերում։ 

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Թարգմանական գրականություն
Մարիզ Կոնդե, «Մանգրովյան անտառներն անցնելով»

Ռիվիերա օ Սելում՝ անտառների խորքում, գիշերը մեռյալի են հսկում՝ մի մարդու, որը մի քանի տարի առաջ է հայտնվել, և որի մասին շատ բան չգիտեն: Կուբացի՞ է: Կոլումբիացի՞: Դասալի՞ք է եղել: Ինչու՞ է Գվադելուպա եկել: Պատասխանները պարզ չեն: Ինչևէ, այդ մարդու ինքնությունը կարևոր չէ: Կարևորն այն հուշն է, որը մնացել է նրանից յուրաքանչյուր ռիվիերաօսելցու մեջ, և այն կարևոր փոփոխությունները, որ նա է յուրաքանչյուրի կյանք բերել:

Այդ միակ գիշերվա ընթացքում ներկա Գվադելուպայի ամբողջ հասարակությունն է պատկերվում իր ուրույն խնդիրներով:

Ֆրանսերենից թարգմանությունը կատարել է Ասյա Ղարիբյանը։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Փաստավավերագրական գրականություն
Նիլ Ֆերգյուսոն, «Հրապարակն ու Աշտարակը»

21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։ 

Չէ՞ որ ցանցե՛րն են նորարարություններին հակված լինում։ Եվ հենց ցանցերի միջոցով տարածվող հեղափոխական գաղափարներն են վարակի պես սողոսկում ամենուր։ Դավադրության տեսաբաններն, անշուշտ, սիրում են այդպիսի ցանցերին նվիրված գեղեցիկ հորինվածքներ, սակայն սա չի նշանակում, թե այդ ցանցերն իրական չեն։ Ցանցերի վերելքի, տապալման ու նոր վերելքի համաշխարհային պատմությունն այս գիրքը ներկայացնում է Հին Հռոմի աստվածներից մինչեւ Վերածննդի իշխանատոհմեր, ԱՄՆ հիմնադիր հայրերից մինչեւ «Ֆեյսբուք»։ Ինչպես է ցանցային տեսությունը վերափոխում անցյալի ու ներկայի մասին մեր պատկերացումները, կանխատեսում, թե որ հիերարխիաները կդիմակայեն ցանցերի հարձակման վերջին ալիքին, եւ որոնք կտապալվեն։

Թարգմանիչն է Դավիթ Սարգսյանը։

Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]