Պաշտոնական

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 22ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երեւանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որը ոլորտն ունեցել է վերջին մի քանի տարիների ընթացքում: Նշել է, որ եթե 2015թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 1,2%) շրջանառություն եւ 8 հազար աշխատակից ուներ, ապա 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 3,2%), աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000: 2025թ. նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝ 35 հազարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի եւ այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:

«Առաջիկայում Ազգային ժողովի եւ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը եւ կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը եւ առաջնահերթությունները»,-ասել է Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է նաեւ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել եւ պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ:

Նշվել է նաեւ «Ինժեներական քաղաք» ծրագրի եւ որպես շարունակություն «Արտադրական քաղաք» հիմնելու ծրագրի կարեւորության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում