Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

Հայկական օրակարգը պետք է հստակ ներկայացվի միջազգային գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանդիպումներ նախատեսված են. առնվազն պայմանավորվածություններ ձեռք են բերվել գործընթացը (Արցախի հակամարտության շուրջ բանակցային գործընթացը.-խմբ.) շարունակելու եւ նոր հանդիպումներ կազմակերպելու առումով»,- այս մասին երեկ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե որպես նյույորքյան հանդիպումների շարունակություն՝ սպասվո՞ւմ են արդյոք առաջիկայում այլ հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացի վերսկսման, այդ հարթակում կառուցողական եւ հայանպաստ օրակարգի շուրջ բանակցման եւ Ադրբեջանի ագրեսիվ, հայատյաց քաղաքականության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։ Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային գործընթացը շարունակելու հանգամանքը իսկապես կարեւոր է եւ բխում է մեր նպատակներից ու շահերից։ Սակայն առաջնային կարեւորություն ունի այն, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, որի վերաբերյալ շարունակ շեշտադրումներ են արվում, Մինսկի խումբը շարունակի ունենալ արցախյան հակամարտությունը համապարփակ եւ կայուն լուծման տանելու, բանակցային գործընթացն ուղղորդելու հնարավորություն եւ մանդատ։ Այդ մանդատի հիմքում պետք է լինի նաեւ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Հայկական կողմը հստակ պետք է դնի իր նպատակները, որոնցից մեկը, զրուցակցիս դիտարկմամբ, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի եւ նախկին ԼՂԻՄ տարածքի վերականգնման խնդիրն է։ Ուստի կարծում է, որ բացի հումանիտար խնդիրներից, Մինսկի խումբը պետք է ունենա նաեւ քաղաքական խնդիրներն ուղղորդելու եւ բանակցային գործընթացն այդ ճանապարհով տանելու մանդատ։ «Սա է մեզ համար կարեւոր եւ առաջնահերթ։ Հետաքրքրական է, որ ձեւաչափերի վերաբերյալ բազմաթիվ այլ առաջարկներ են արվում, եւ, ըստ էության, Ադրբեջանը չի մերժում բանակցային գործընթացի այլ ձեւաչափը, միեւնույն ժամանակ որեւէ առարկայական խոսակցություն չի տանում, այլ ընդակառակը՝ մանեւրում է այդ գործընթացների միջեւ»,- ասաց ադրբեջանագետը։

Անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոնի հայտարարությանը, թե՝ Ֆրանսիան Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ աշխատում է Արցախի վերաբերյալ «տեւական համաձայնագրի կնքման ուղղությամբ», Հայրապետյանը շեշտեց, որ նրա խոսքը տեղավորվում է Մինսկի խմբի քաղաքական լուծումներ փնտրելու մանդատ ունենալու տրամաբանության մեջ, միաժամանակ շեշտադրվում է, որ նպատակը ի վերջո, համապարփակ լուծման հասնելն է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ միասին։ «Սա առնվազն Ֆրանսիայի կողմից նշան է, որ Մինսկի խումբը դիտարկում են ոչ թե զուտ հումանիտար խնդիրներ լուծելու հարթակ, այլ հենց քաղաքական գործընթացներ ուղղորդելու մանդատ ունեցող ձեւաչափ։ Դրանով ցույց է տրվում, որ վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, թե պետք է փոխվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ձեւաչափը, ընդունելի չէ, եւ հենց Մինսկի խմբի ձեւաչափն են դիտարկում որպես ընդունելի հարթակ։ Սա բխում է հայկական կողմի շահերից եւ հետապնդած նպատակներից, ուղղակի մեր օրակարգային հարցերը պետք է հստակ դրվեն այս հարթակում»,- հավելեց զրուցակիցս։ 

Հոկտեմբերի 12-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, իսկ երեկ կայացել էր հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Հայրապետյանի գնահատմամբ՝ Մոսկվայում հոգեւոր առաջնորդների մակարդակով հանդիպումը հետաքրքրական է՝ հաշվի առնելով այն, որ այսպիսի եռակողմ ձեւաչափով է ստորագրվել նաեւ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունը: Կարծում է, որ համապատասխան գործընթացների արդյունքում հնարավոր է հասնել արդյունքների. «Սա եւս դիվանագիտական հարթակ է եւ հնարավորություն է մեզ համար՝ հասնելու կարեւոր խնդիրների արձանագրմանը, ինչու չէ նաեւ դրանց լուծմանը։ Իհարկե, հրապարակումներից դժվար է այս պահին դատողություններ անել, բայց կարծում եմ, որ մշակութային ժառանգության հետ խնդիրները եւս կլինեն օրակարգում, այդ թվում՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաեւ այդ ժառանգության «ալբանականացման» հետ կապված գործընթացի կասեցումը։ Այստեղ ռուսական կողմը կարող է իր միջնորդական առաքելությամբ մեծապես օգտակար լինել»։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իտալական «La Repubblica» հրատարակությանը տված երեկվա հարցազրույցում գոհունակություն էր հայտնել Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից։ Սակայն դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ ռուս խաղաղապահի անմիջական ներկայությամբ մի քանի օր առաջ սպանվեց Արցախի Հանրապետության Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը։ Մեր այն դիտարկմանը, որ սա երկդիմի խաղ է, երբ մի կողմից՝ աշխարհին ներկայանում է խաղաղասերի դիմակով, իսկ մյուս կողմից՝ հետեւողականորեն քայլեր է իրականացնում Արցախը հայաթափելու նպատակով, ադրբեջանագետը հավաստեց, որ իրապես Ալիեւի գործողությունները հստակ են. նա նպատակ ունի դելեգիտիմացնել ռուսական խաղաղապահ առաքելությունն Արցախում, նաեւ հայաթափել Արցախը, եւ իր այդ մտադրությունն արտահայտում է տարբեր ձեւերով։ «Թեեւ շեշտադրումները փորձում է տանել «խաղաղության» օրակարգի ներքո, բայց դրանց տակ դնում է իր հետապնդած նպատակներն ու բովանդակությունը։ Վերջերս հայտնի դարձավ, որ հրաման է տվել մշակել իբր «Ղարաբաղի հայերի ինտեգրման» հետ կապված ծրագիր, որի տակ իրականում շարունակում է իրականացնել հայատյաց քաղաքականությունը։ Մեր միջազգային գործընկերներին պետք է ցույց տանք, որ Ալիեւի նպատակները բնավ միտված չեն խաղաղության հաստատմանը։ Դրա համար մենք բավականին ուժեղ փաստական հիմքեր ունենք, եւ ճիշտ աշխատանքի դեպքում վստահաբար միջազգային գործընկերները կտեսնեն Ալիեւի հետապնդած իրական նպատակները»,- ասաց Հայրապետյանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]