Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով 
խորհրդի նիստը

ԿԱՊԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում հոկտեմբերի 11-ին մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և դրա շրջանակում իրականացվող՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը:
Նիստին մասնակցում  են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամներ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Տաջիկստանից:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումների նպատակն է՝ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային եզրափակիչ փուլի իրականացման միջոցով զարգացնել միջազգային համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների երիտասարդների միջև, խթանել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել ԱՊՀ մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում:

ԿԳՄՍՆ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ողջունեց նիստի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց և շատ կարևորեց միջոցառման դերը կապանցիների և հատկապես երիտասարդների համար: Նախարարը նշեց, որ կանեն ամեն ինչ, որ Հայաստանում անցկացրած ժամանակը լինի շատ արդյունավետ,  հետաքրքիր և երկար ժամանակ մնա մասնակիցների հիշողություններում:

«ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդը ամփոփում է նախընթաց ժամանակահատվածում՝ ԱՊՀ երկրներում նախորդ նիստի որոշված միջոցառումների իրականացումը և ուղենշում է հաջորդ ժամանակահատվածի համար անելիքները բոլոր երկրների համար: Նշեմ, որ Հայաստանը առաջիկայում պլանավորում է ունենալ երիտասարդության քաղաքականության պետական ծրագիր՝ առաջիկա հինգ տարիների համար, որտեղ և ներառված են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում նաև  երիտասարդության մասին  օրենքի ընդունում: Բացի արդյունքների ափոփումը, նախագիծը շատ լավ հարթակ է միջպետական համագործակցության ծավալման համար՝ բազմակողմ ձևաչափով: Տարբեր երկրներ միմյանցից կարող են փորձառություններ վերցնել,  օրինակ՝ մի երկիր կամավորության զարգացման առումով, մյուսը՝ երիտասարդներին ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկման առումով, մեր պարագայում, միգուցե, քաղաքացիական ակտիվության առումով: Այսինքն, սա շատ լավ հարթակ է ԱՊՀ շրջանակում երկրների միջև երկխոսության և առհասարակ հումանիտար համագործակցության»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ նախագծի շրջանակներում պետություններին հնարավորություն է տրվում ինքնուրույն որոշելու այն մեխանիզմները, որով կընտրվեն լավագույն ծրագրերը: Մինչև այժմ ընտրությունը կատարվել է գիտական նորույթի հիմքով, սակայն ապագայում, փոխնախարարի գնահատմամբ՝ նույնքան կարևորություն կտան սոցիալական նորարարությանը: «Այս հարթակը լայն հնարավորություն է տալիս, որ դու տեսնես այլ երկրներում ինչ հետաքրքիր նորամուծություններ  կան,  որոնք կարող ես կիրառել նաև քո երկրում: Հայաստանի մի առանձնահատկություն ևս  նշեմ. մենք մտածում ենք լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցներին  ոչ միայն խրախուսել, այլ նաև որոշակի գումար նախատեսել, որպեսզի նրանք  իրենց գաղափարները իրենց իսկ  համայնքում, բնակության վայրում կարողանան իրականացնել: Ամբողջ ԱՊՀ-ից շուրջ 50 հայտ ունենք և հույս ունենք, որ Հայաստանից ներկայացված հայտերից մի քանիսը կամ գոնե մեկը կարժանանա լավագույնի տիտղոսին»,-ասաց փոխնախարարը:

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Տատյանա Կովալևան նշեց,  որ խորհրդի կազմում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդության պետական քաղաքականության մշակմամբ զբաղվող պետական կառավարական կառույցներն ու գերատեսչությունները:

«Կապանում անցկացվող խորհրդի նիստը յուրահատուկ է, քանի որ անցկացվում է ԱՊՀ հիմնադրման 30 ամյակի շրջանակում։ Մենք, ըստ էության, այժմ ամփոփում ենք երիտասարդության ոլորտում ԱՊՀ մասնակից պետություններում կատարված աշխատանքները և կարող ենք արձանագրել, որ կա նկատելի ձեռքբերում։ Սա նաև փորձի փոխանակման շատ լավ հարթակ է առավել հաջողված նախաձեռնությունները միմյանցից վերցնելու առումով»,- նշեց  Կավալևվան։

Ըստ նրա՝ խորհրդանշական է նաև միջոցառման անցկացումը Հայաստանի հարավային այս քաղաքում՝ Կապանում, որն այս տարվա ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն է։ «Մենք այժմ խորհրդի նիստում քննարկում ենք ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի նախագիծը, որի հիմքում դրված են մասնակից երկրների երիտասարդական մայրաքաղաքներ հռչակելու ծրագրերի փորձը»,- նշեց նա։

«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլին մասնակցում են վերոնշյալ երկրներում միջազգային երիտասարդական նախագծի ազգային փուլերի հաղթողները: Իրենց երկրներում հաղթող ճանաչված գաղափարների հեղինակները Հայաստանում անցկացվող միջպետական փուլում ներկայացնելու են նոր գաղափարներ ավելի քան 10 անվանակարգերում: Մրցույթի փորձագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են 3 ներկայացուցիչներ Հայաստանից, մեկական ներկայացուցիչներ Ռուսաստանից և Բելառուսից, կընտրի յուրաքանչյուր անվանակարգի լավագույն գաղափարը:

Միջոցառման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակների համար նախատեսված են նաև էքսկուրսիաներ և մշակութային ծրագիր, որով մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Կապանին, հայկական մշակույթին և խոհանոցին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am