Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Դանիել Լոզակովիչն ու Ջանլուկա Մարչիանոն սիրում են հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին

Դանիել Լոզակովիչն ու Ջանլուկա Մարչիանոն սիրում են հայկական մշակույթը, 
Հայաստանն ու հայերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ջութակահար Դանիել Լոզակովիչը և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն երաժշտասերին ներկայացրին Պյոտր Չայկովսկու «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք-ֆանտազիան, Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը և «Մահվան պարը»։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատարումներն ընդունվեցին մեծ ոգևորությամբ ու բուռն ծափողջույններով։ Երաժշտասերը ծանոթ է երիտասարդ սերնդի տաղանդաշատ ջութակահար Դանիել Լոզակովիչի կատարողական վարպետությանը: Նա երկրորդ անգամ է Հայաստանում։ Երիտասարդ ջութակահարը ելույթներ է ունենում այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Բոստոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ, Գյուլբենկյանի անվան, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբերը և այլն:

 15-ամյակը լրանալուց հետո նա բացառիկ պայմանագիր է կնքել «Deutsche Grammophon»-ի հետ 2016 թվականին՝ դառնալով «Deutsche Grammophon»-ի արվեստագետների համայնքի ամենաերիտասարդ անդամը: Դանիել Լոզակովիչը նշում է, որ սիրում է հայկական մշակույթը, Հայաստանն ու հայերին։ Նա բարձր է գնահատում «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպվածությունը, ընդգծում է, որ նման մասշտաբի, համերգների նման խտություն ունեցող երաժշտական միջոցառում կազմակերպելը բավականին բարդ է։ «Այն, ինչն անհրաժեշտ է երաժիշտներին լավագույնս ներկայանալու համար, արված է փառատոնի շրջանակում»,- գնահատում է ջութակահարը։ 

Մեծ ընդունելության արժանացավ նաև իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, ում արվեստին Հայաստանում քաջ ծանոթ են, և ամեն անգամ մեծ սիրով է ընդունվում նրա բեմելը։ Մաեստրո Մարչիանոն նշում է, որ միշտ հաճելի է բեմ բարձրանալ Հայաստանում, հանդիպել հայ ունկնդրի հետ։ Ըստ նրա՝ Երևանում հանդիսատեսը ջերմ է, որից միշտ դրական ազդակներ ու էներգիա է ստանում։ 

Դիրիժոր Մարչիանոն նույնպես շեշտում է կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) մեծ ջանքերը «Արմենիա» միջազգային փառատոնը կյանքի կոչելու գործում։ Ըստ նրա՝ վերջիններս հսկայական աշխատանք են կատարել՝ երաժշտական այս միջոցառման շնորհիվ ներկայացնելով բարձրակարգ երաժշտություն, բազմազան համերգային ծրագրեր և աշխարհում մեծ հեղինակություն վայելող երաժիշտների։ 

«Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Մինչև հոկտեմբերի 29-ը փառատոնը երաժշտասերներին հրավիրում է ունկնդրելու սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ մեծանուն երաժիշտների մասնակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am