Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տնտեսագիտական համալսարանում կայացած Աշխատանքի տոնավաճառին մասնակցել է 50-ից ավելի գործատու և շուրջ 4000 աշխատանք փնտրող

Տնտեսագիտական համալսարանում կայացած Աշխատանքի տոնավաճառին 
մասնակցել է 50-ից ավելի գործատու և շուրջ 4000 աշխատանք փնտրող

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում հոկտեմբերի 8-ին կազմակերպվել է Աշխատանքի տոնավաճառ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՀՊՏՀ համատեղ ջանքերով․ միջոցառմանը մասնակցել է աշխատանք փնտրող շուրջ 4,000 քաղաքացի, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալ 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկներին (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս միևնույն հարթակում համախմբել գործատուներին, աշխատանք փնտրող անձանց, ինչպես նաև համալսարաններին ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։

«Աշխատաշուկան պետք է մեծապես նպաստի գործատուի և աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց հանդիպմանը։ Կառավարության համար նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ էական նշանակություն ունի։ Լիահույս եմ, որ այս նախաձեռնությունը կծառայի իր նպատակին և ուզում եմ շեշտել, որ նախարարության կողմից նման տոնավաճառների իրականացումը կունենա շարունակական բնույթ»,- նշել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանն ընդգծել է միջոցառումների կարևորությունը հատկապես ուսանողների համար՝ հավելելով, որ դրանք պետք է լինեն ամենամյա, ավելի ընդգրկուն և ուսանողներին լայն հնարավորություններ տալ․ «Հանդիպումներն ու մասնավոր զրույցները, որոնց հնարավորությունը տալիս է աշխատանքի տոնավաճառը, խթանող ազդեցություն ունեն ուսանողության համար՝ գործատուների հետ շփվելու և հասկանալու, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ իրենց՝ լավ աշխատանք ունենալու համար»։

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ևս նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը խիստ կարևորում է գործատուների հետ սերտ համագործակցությունը, նրանց կարիքների վերհանումն ու դրան համապատասխան՝ կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը․ «Մեզ համար կարևոր է ի սկզբանե կրթել ուսանողների, որոնք օժտված կլինեն այնպիսի կարողություններով ու հմտություններով, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկային։ Հուսով եմ, որ Աշխատանքի տոնավաճառը մեր ուսանողներին և միջոցառման մյուս մասնակիցներին հնարավորություն կտա ապահովվելու աշխատանքով, քանի որ վստահ եմ՝ կա աշխատանք, և դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն և համապատասխան հմտություններ»։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տեղեկացմամբ՝ ողջույնի ելույթներից հետո ներկաները ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջել են տաղավարներում, զրուցեցին գործատուների և տոնավաճառի մյուս մասնակիցների հետ։

«Տաղավարների մոտ ակտիվ եռուզեռ էր։ Տոնավաճառի մասնակիցները շրջում էին, թողնում ինքնակենսագրականներ։ Գործատուներն էլ, աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով, ներկայացնում էին թափուր հաստիքների և դրանց համալրման վերաբերյալ տեղեկատվություն՝ ամեն կերպ ջանալով տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնել Աշխատանքի տոնավաճառի այցելուների շրջանում։ Անմիջական հաղորդակցման միջոցով վերջիններս ստանում էին իրենց հարցերի պատասխանները, օգտվում ընձեռված լայն հնարավորությունից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Աղայանը տեղեկացրել է, որ իրենք ներկայացրել են հիմնականում աշխատանքային փորձ չպահանջող պաշտոնները․ «Նախարարության թափուր հաստիքների հետ կապված մեծ հետաքրքրություն կա հատկապես մասնագիտական, 6, 7, 8-րդ ենթախմբի պաշտոնների հանդեպ, քանի որ այնտեղ աշխատանքային փորձ չի պահանջվում, ու շուկայում հիմնականում ուսանողներ են։ Նաև ծրագրավորման և լեզվի դասընթացներ ենք իրականացնում, որոնց մասնակցելուց և տեխնոլոգիական ընկերություններում գործնական պրակտիկա անցնելուց հետո ծրագրի մասնակիցները կարող են աշխատանքի ընդունվել հենց այդ ընկերություններում»։

ՀՀ կենտրոնական բանկում, օրինակ, մակրոտնտեսագետի, մեթոդաբանի, ՏՏ ոլորտի աշխատողների պահանջարկ կա: «Ողջունում ենք այս նախաձեռնությունը, որ գործատուներին և ուսանողներին մոտեցնում է իրար։ Հույս ունենք, որ տոնավաճառը մեզ հնարավորություն կտա գտնելու խելացի և պահանջված մասնագետների»,- նշել է ԿԲ վերլուծաբան Լիանա Բալայանը։

ՀՊՏՀ-ից հայտնում են, որ ԱԿԲԱ բանկի հավաքագրման թիմի անդամ Մարինե Սուքիասյանն էլ հուսսով է, որ ուսանողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն բանկի նկատմամբ․ «Մի շարք թափուր հաստիքներ ունենք, որոնք կարող են գրավել ուսանողներին։ Մենք շատ ենք գնահատում նրանց ներուժն ու մեծ տեղ ենք տալիս նրանց մոտիվացիային»։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տոնավաճառին ներկայացել էր հիմնականում իր երկամյա կրթական ծրագրով, որի շրջանակներում ուսուցիչ-առաջնորդներին ուղղորդում են ՀՀ տարբեր համայնքներ։ Հավաքագրման թիմի ղեկավար Սամվել Վանյանի խոսքով՝ «Դասավանդիր, Հայաստան»-ն ուսանողների շրջանում և համալսարանական միջավայրում ամենապահանջված և ամենաշատ հաստիքներ ունեցող կազմակերպությունն է, որն աջակցում է նաև համայնքային բիզնես-նախաձեռնություններին, իրենց բիզնես-գաղափարներն իրականացնելու գործում օգնում անհատներին։ Նման ուղղվածությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա Հայաստանի տարբեր համայքներում, և տոնավաճառին ներկայանալը, Սամվել Վանյանի խոսքով, հենց դրանով է պայմանավորված։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am