Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1143 թ. հոկտեմբերի 5-ին Պորտուգալիան անկախացավ Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910-ից այս օրը նշվում է որպես Հանրապետության տոն:

-2011 թ. հոկտեմբերի 5-ին մահացել է Վանուշ Խանամիրյանը՝ հայ նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը (ծնվ.՝ 1927 թ.): Երվանդ Քոչարը «Սասունցի Դավիթ» արձանի դեմքը կերտել է Վանուշ Խանամիրյանի խաղացած Դավիթի կերպարից։

-1935 թ. հոկտեմբերի 5-ին ծնվել է Ժան Տեր-Մերկերյանը՝ ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ (1971)։ Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի, Պրոկոֆեւի եւ այլոց կոնցերտները։

-1954 թ. հոկտեմբերի 5-ին Իտալիան եւ Հարավսլավիան բաժանեցին Տրիեստի մոտակա տարածքը:

-1908 թ. հոկտեմբերի 5-ին Բուլղարիան դառնում է հանրապետություն:

-1936 թ. հոկտեմբերի 5-ին ծնվել է Վացլավ Հավելը՝ չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ եւ քաղաքական գործիչ։ Եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-1992) եւ Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003)։ Հավելը մասնակցել է Հրովարտակ 77-ի պատրաստմանը, ու Պրահայի հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից մեկն էր։

-1864 թ. հոկտեմբերի 5-ին ծնվել է Լուի Ժան Լյումիերը՝ ֆրանսիացի կինեմատոգրաֆիայի գյուտարար, Ֆրանսիայի կինոարտադրության եւ կինոռեժիսուրայի ստեղծողը։ Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ (1919)։ 1895 թ. հայտնագործել է «Շարժվող լուսանկարների» նկարահանման եւ պրոյեկտման կինոապարատը, որն արտոնագրվել է եւ ստացել կինեմատոգրաֆ անվանումը; Առաջին հրապարակային վճարովի սեանսը կայացել է 1895 թ. դեկտեմբերի 28-ին, Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում։ Ֆրանսիայում կա փաստագրական ֆիլմերի Լուի Լյումիերի անվան ամենամյա մրցանակաբաշխություն։

-1948 թ. հոկտեմբերի 5-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, տարբեր հաշվարկներով զոհվեց ավելի քան 100 000 մարդ:

-1986 թ. հոկտեմբերի 5-ին Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս II-ի այցի կապակցությամբ բացօթյա համերգ տվեց, որին ներկա էր մոտ 800 000 մարդ:

-1994 թ. հոկտեմբերի 5-ից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է ուսուցիչների օրը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության եւ զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը եւ գնահատումը։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում