Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան 
ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց Քոչարյանի և մյուսների գործով քննությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի երկու նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։

Կոչուբաևը ներկա չէր նիստին, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ Գևորգյանի շահերը կարող է պաշտպանել միայն սույն գործով, քանի որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մի շարք քրեական գործերով ինքն այլ անձանց է ներկայացրել․ շահերի բախման խնդիր կա։ Քննարկումից հետո Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Գևորգյանի պաշտպան։

Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար թույլտվության մերժման վերաբերյալ։ Սակայն Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Արմեն Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես թույլ չտվեց։ Արդյունքում Աննա Դանիբեկյանը հրահանգեց խոսափողը վերցնել փաստաբանի մոտից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատավարությունը պիտի ընթանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով․ ըստ այդմ՝ մեղադրյալն իրավունք ունի առարկել նախագահող դատավորի գործողությունների դեմ, նույն իրավունքը սահմանված է նաև պաշտպանի համար։

«Ձեր իրականացրած դատավարությունն էապես շեղվում է Քր․ դատավարությունից»,- ասաց Ալումյանը՝ պահանջելով դատարանից հարգել պաշտպանական կողմի իրավունքները և չխախտել դրանք։

Գործի նյութերին ծանոթանալու համար դատարանը Լուսինե Սահակյանին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց և այսօրվա դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 5-ը։

Արմեն Գևորգյանը ներկայում «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը սեպտեմբեր ամսվա սկզբում հայտարարել էր, որ այլևս չի պաշտպանելու նախկին փոխվարչապետի շահերը։ Պաշտպանը հայտնել էր, որ դատավոր Դանիբեկյանը համատեղ աշխատել չցանկանալու վարքագիծ է դրսևորում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]