Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում բացվեց ՀՀ-ում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան

Երևանում բացվեց ՀՀ-ում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվեց Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կլինիկայի կառուցումը նախաձեռնել և ֆինանսավորել է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։

Կենտրոնում առկա է 5 հիվանդասենյակ, խաղասենյակ, խոհանոց: Բոլոր հիվանդասենյակներում կան նաև հատուկ հարմարեցված սանհանգույցներ։

Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը նշեց, որ նման կլինիկա ունենալու հարցը տասնամյակների խնդիր է եղել։

«Երբ հիվանդը մնում էր բաժանմունքում, որտեղ պառկած էին լինում ևս 30 այլ հիվանդներ՝ դժվար էր լինում կազմակերպել պալիատիվ խնամքը, իսկ տանը, որտեղ նաև այլ երեխաներ կան, ավելի էր դժվարանում հարցը։ Այժմ բացվում է Մանկական պալիատիվ կլինիկան, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Այն երեխաները, որոնց անհրաժեշտ կլինի պալիատիվ խնամք ստանալ, այլևս ստիպված չեն լինի տանը կամ բաժանմունքներում, բոլորի աչքի առաջ կնքել իրենց մահկանացուն, ինչը շատ ծանր է բոլորի համար»,- նշեց Դանիելյանը և հավելեց, որ կենտրոնում պայմանները բավականին լավն են, կունենան նաև հոգեբան։

«Արմենպրես»-ի հարցին, թե օնկոհեմոտոլոգիայի կլինիկաներում բուժում ստացած քանի՞ երեխա կա այս պահին, որոնք տվյալ կենտրոնում գտնվելու կարիք ունեն, Դանիելյանը հայտնեց, որ նրանք 2 կամ 3 հոգի են։

Տավուշի թեմի առաջնորդ, «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր մասնակից են եղել կլինիկայի ստեղծման գործին։

«Ամոքիչ խնամքի կենտրոնը կլինի ցավի կառավարման կենտրոն, որը մեծ աջակցություն կլինի բոլոր նրանց համար, ովքեր ախտահարված կլինեն քաղցկեղով։ Այս կենտրոնը նաև կարևոր է բժիշկների համար, քանի որ առաջին կրողներն իրենք են»,- ասաց Բագրատ Սրբազանը և հավելեց, որ հիվանդությունը չի պատկանում միայն անհատին, այլև նրանց ընտանիքներին ու բժիշկներին։

«City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրեց կլինիկայի կառուցման նշանակությունն ու կարևորությունը. «Մենք անհամբեր սպասում էինք այս կլինիկայի բացմանը, սակայն որոշ հանգամանքներից ելնելով (կորոնավիրուս, Արցախյան 44-օրյա պատերազմ) մի փոքր ուշանում էր։ Համագործակցելով աշխարհի լավագույն կլինիկաներից մեկի հետ և, տեսնելով նույն պալիատիվ կենտրոնն այնտեղ, մենք հասկացանք, որ անհրաժեշտությունը բավականին մեծ էր նաև ՀՀ-ում նման կենտրոն ունենալու։

Արյունաբանական կենտրոնում Մանկական պալիատիվ խնամքի կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Դեպքեր են լինում, երբ ամենաբանիմաց, մարդկային որակներով հարուստ բժիշկներն անզոր են լինում։ Ամենակարևորը, որ մեր երկրի բոլոր երեխաները, մեծահասակները, մինչև կյանքի վերջին վայրկյանն էլ շրջապատված լինեն հոգատարությամբ, լինեն հարազատներով շրջապատված։ Նման կենտրոնի առկայությունը չափազանց կարևոր է»,- նշեց Ավանեսյանը։

Կենտրոնի բացման արարողությունից հետո Բագրատ Սրբազանը հավաքվածների հետ աղոթք հնչեցրեց կենտրոնի բացման կապակցությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am