Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն… Իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի մահացման առաջին փուլն է…

Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն… Իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի 
մահացման առաջին փուլն է…

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաշքով ազատված՝ նա փախել էր հայրենի քաղաքից՝ Վանից՝ թողնելով հնամենի ու լայնածավալ մի գրադարան, որ իր բնակավայրի հայության պարծանքն էր եղել, ինչպես եւ տաճիկ կառավարության աչքի փուշը: Բայց նա իր հետ բերել էր ավելի արժեքավոր մի բան՝ գեղարվեստական տաղանդ եւ հազվագյուտ դիտողականություն, որ կյանքի տառապալի ուղի անցած նախնիների ավանդն էր Վարդանին: Վարդանը սովորելու գնաց Մոսկվա, եւ թատրոնի մասին նրա նեղ ազգային պատկերացումներին փոխարինելու եկավ լայն հայացքը բեմական արվեստի վրա: Եթե բնությունը  չզլանար նրան զարդարել նաեւ արտաքին տվյալներով, ապա նա, անկասկած, սովորականից դուրս մի դերասան կդառնար: Բայց, ո՜վ գիտե, այնժամ մենք կունենայի՞նք արդյոք այնպիսի գեղեցիկ մի բեմադրող, ինչպիսին աստիճանաբար դարձավ Աճեմյանը…:

Ինչպե՛ս եմ սիրում այդ մարդուն…»:

Վահրամ ՓԱՓԱԶՅԱՆ

 

Մեծավարի ու մեծերին բնորոշ գնահատական, որին արժանանալու էր դրախտային Վանի Այգեստան թաղում ծնված ու 1915-ին թուրքական յաթաղանից մազապուրծ ապագա մեծատաղանդ արվեստագետը: Ժամանակներ անց նա վերհիշելու էր իր վաղ մանկության տարիները, երբ առաջին անգամ առնչվել էր բեմական խաղին. «Թատրոնով ես հափշտակվել էի դեռեւս 6-7 տարեկան հասակում, երբ ինձ թատրոն տարան: Ներկայացվում էր «Օթելլոն»: Մեկ տարի հետո տեսա «Հին աստվածները»: Իմ հափշտակությունն այնքան մեծ էր, որ բոլորից գաղտնի, մեր տան ներքնահարկում, մթության մեջ արտասանում եւ ներկայացնում էի Աբեղային, Ճգնավորին: Շուտով հայտնի դարձավ իմ դերասանական «ձիրքը»: Մայրս հպարտությամբ ներկայացնում էր ինձ հարեւաններին՝ ստիպելով «խաղալ» «Հին աստվածները…»:

Ամեն դեպքում, թատրոնի սիրահար 15-ամյա պատանին Գյումրիում, թեկուզ փոքրիկ դերով, բարձրանալու էր բեմ, այնուհետեւ գալու էր ուսումնառության շրջանը մայրաքաղաքի գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում: Սակայն նրա գեղագիտական ճաշակի ձեւավորմանն ու զարգացմանը էապես նպաստելու էր դասեր առնելը Ստանիսլավսկուց, Նեմիրովիչ-Դանչենկոյից, Վախթանգովից՝ Մոսկվայի դրամատիկական ստուդիայում սովորելու տարիներին:

1927 թ. Վարդան Աճեմյանն արդեն Թիֆլիսում է, որտեղ կազմակերպում եւ ղեկավարում է տեղի հայկական դրամատիկական ստուդիան: Առաջին բեմադրությունը Դ. Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգն» էր: Հայրենիք վերադառնալով արդեն որպես պրոֆեսիոնալ բեմադրիչ, 1928 թ. դառնում է Գյումրու պետական դրամատիկական թատրոնի հիմնադիրներից ու դրա դերասաններից մեկը, բեմադրում ներկայացումներ՝ փաստելով, որ ասպարեզ է իջել լայնախոհ մտածողությամբ եւ անթաքույց տաղանդով օժտված մի արվեստագետ, որին առանձնակի առաքելություն էր վերապահված վերին ոլորտներ հասցնելու հայ թատերական արվեստը:

Այդպիսի առաքելությամբ էլ գալու էր Սունդուկյանի անվան մայր թատրոն՝ այստեղ ստեղծելով բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ՝ Մաքսիմ Գորկու «Հատակում», Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ», այլ պիեսներ ու դրամաներ: Պատահական չէր, որ նրա բեմադրած «Մեծապատիվ մուրացկանները» համեմատում էին մեծանուն Վախթանգովի «Արքայադուստր Տուրանդոտ» ներկայացման հետ: Այդպիսի բեմադրությունները կյանքի էին կոչվելու նաեւ Երեւանի երաժշտական կոմեդիայի (Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Չուխաճյանի «Կարինե» եւ այլն), օպերայի եւ բալետի («Դավիթ Բեկ», «Անուշ») թատրոններում: Եվ բոլորը՝ պատկերավոր, հավաստի, ճշմարիտ լուծումներով ու ինքնատիպ մտածողությամբ, հասցված կատարելության: Նույնքան բարձրարվեստ են մեծանուն ռեժիսորի բեմադրած Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», Ա. Շիրվանզադեի «Նամուս», Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Վ. Փափազյանի «Ժայռը», Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի», հայ եւ օտարազգի դասականների այլ գործեր:

Հիրավի աննախադեպ է ու անկշռելի Վարդան Աճեմյանի վաստակը հայ թատերական արվեստում, խոշոր մի արվեստագետի, որի պատգամով էլ ամփոփենք նրա օրհնյալ ծննդյան օրվա առիթով ասված մեր խոսքը. «Մշտապես եղեք որոնումների մեջ. համարձակ եղեք ձեւի որոնումներում, ձեռք բերեք նորը, ժամանակակիցը, բայց երբե՜ք մի գոհացեք ձեռք բերվածով: Իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի մահացման առաջին փուլն է…»:

Մեծի պատգամ գալիք սերունդներին:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am