Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Կապան-Գորիս ճանապարհի այդպիսի կարգավիճակը վնաս է տալիս տնտեսությանը. Վահան Քերոբյան

Կապան-Գորիս ճանապարհի այդպիսի կարգավիճակը վնաս է տալիս տնտեսությանը. 
Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շատ անհանգստացած է միջպետական Կապան-Գորիս հատվածում ստեղծված իրավիճակով և համարում է, որ ճանապարհի այդպիսի կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ ընդգծելով, որ այդ խնդիրները պետք է լուծվեն սառնասրտորեն և հետևողականորեն:

«Բազմաթիվ զբոսաշրջիկներ, մտավախություն ունենալով ճանապարհի վերաբերյալ, խուսափում են գալ, և ես գիտեմ, որ մեր Արտգործնախարարությունը, ԱԱԾ-ն, Պաշտպանության նախարարությունը, կարելի է ասել, իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերն օր առաջ լուծելու ուղղությամբ: Բնականաբար, պատերազմից հետո, մինչև նորմալ կյանքի անցնելը, այսպիսի պրոբլեմներ կլինեն, ուղղակի պետք է սառնասիրտ և հետևողականորեն լուծել այս խնդիրները», - ասել է էկոնոմիկայի նախարարը:

Խնդիրները Սյունիքի միջպետական ճանապարհին ծագել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո իր հսկողության տակ անցած Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածները: Ռուսաստանյան սահմանապահների միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ճանապարհը օգոստոսի 27-ի երեկոյան բացվեց, սակայն սկզբունքորեն հարցը մնաց չլուծված՝ ժամանակ առ ժամանակ առաջացնելով խնդիրներ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև օտարերկրացիների, այդ թվում՝ իրանական բեռնատարների համար:

Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանական Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]