Հասարակական

Գորիս-Կապան ճանապարհի բացման շուրջ բանակցությունները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Գորիս-Կապան ճանապարհի բացման շուրջ բանակցությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան միջպետական ճանապարհի բացման շուրջ եռակողմ բանակցությունները հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի միջև շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Համայնքապետի խոսքով՝ ճանապարհի փակվելուց բացի՝ արտառոց այլ դեպքեր այս ընթացքում տեղի չեն ունեցել, և ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի անդրադարձել Կապանի համայնքի բնակավայրերի վրա:

Գևորգ Փարսյանը պատկերացում չունի՝ ե՞րբ կավարտվեն բանակցությունները կամ ի՞նչ արդյունք դրանք կտան, բայց ամեն դեպքում շեշտում է բանակցությունների դրական ելքի անհրաժեշտությունը:

«Ես կարող եմ միայն ասել, որ բանակցությունների դրական արդյունքը խիստ անհրաժեշտություն է, որովհետև դա շատ կարևոր ճանապարհ է մեզ համար և ընդհանրապես Հայաստանի համար», - «Արմենպրես»-ին ասաց Կապանի համայնքապետը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ ինչպես իրեն են հավաստիացրել՝ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում