1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական բանակը կա և չի համակերպվել կրած պարտության հետ. մեկնարկել են ՊՆ եռամսյա վարժական հավաքները

Հայկական բանակը կա և չի համակերպվել կրած պարտության հետ. մեկնարկել են ՊՆ 
եռամսյա վարժական հավաքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկել են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքները, որոնք, բնականաբար, մեծ հետաքրքրություն են առաջացրել հանրության շրջանում և լայն քննարկման առարկա դարձել՝ հաշվի առնելով անվտանգության այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց Հայաստանը առերեսվել է պատերազմից հետո: Պատերազմի մասնակիցներից ու պահեստազորայիններից շատերը կոչ են անում հայրենակիցներին պատասխանատվությամբ վերաբերվել հավաքներին և հաշվի առնել, որ ստեղծված իրավիճակում ինքնապաշտպանական և ռազմական հմտություններն ունենալն ու պահպանելը՝ հանուն հայրենիքի պաշտպանության և հարազատների անվտանգության ապահովման, բացարձակ հրամայական է Հայաստանի ամեն մի քաղաքացու և հատկապես յուրաքանչյուր պահեստազորայինի համար: Այս հարցում, իհարկե, կարևոր դեր են խաղում զորավարժությունները:

Անդրադառնալով թեմային՝ ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ եռամսյա վարժական հավաքների հիմնական և ամենաակնհայտ նպատակը պահեստազորի մարտունակությունը բարձրացնելն է:

«Մինչ այժմ մարդկությունը չի հորինել ավելի լավ բան, քան պահեստազորին պարբերաբար մարզելը, զենքի նոր տեսակներին ծանոթացնելը, կազմակերպչական խնդիրներին լուծում տալը, մարդկանց ընդհանուր ֆիզիկական վիճակը կարգավորելը և այլն», - «Արմենպրես»-ին ասաց Հակոբյանը:

Բացի այդ, վարժական հավաքները, վերլուծաբանի կարծիքով, ունեն նաև քաղաքական բաղադրիչ, որով Հայաստանը թշնամուն ցույց է տալիս, որ հայկական բանակը կա, չի համակերպվել կրած անհաջողության հետ և պատրաստ է վերականգնել իր դիրքերը:

Շեշտելով հավաքների այժմեականությունն ու կարևորությունը՝ Մհեր Հակոբյանը միաժամանակ  ընդգծում է, որ խնդիրը ոչ միայն վարժանքներ, ուսումնական հավաքներ կամ զորավարժություններ անցկացնելն է, այլև դրանք որակով անելը:

Հակոբյանի խոսքով՝ համապատասխան մարմինները պետք է շատ լավ կազմակերպեն ամեն ինչ, որպեսզի, նախ, ուսումնական գործընթացը հավաքների ժամանակ լինի հնարավորինս արդյունավետ, և երկրորդ, պահեստազորայիններն էլ հետագայում շահագրգռված լինեն մասնակցելու հավաքներին ոչ թե պարտադրանքի ուժով, այլ սեփական ցանկությամբ և գիտակցումով:

«Այս առումով լուրջ գործ կա անելու, բայց խնդիրն այն է, որ հավաքները նոր են սկսվել, և մենք չգիտենք՝ ինչ է կատարվում: Երբ մարդիկ հետ կգան, որոշ տեղեկություններ կհրապարակվեն, Պաշտպանության նախարարությունը ինչ-որ բաներ կպարզաբանի, այդ ժամանակ էլ կհասկանանք, թե ինչպես են անցել հավաքները և ինչ արդյունքներ են տվել», - ասում է Մհեր Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ հավաքները չեն վերածվի ձևականության, այլ կծառայեն իրենց նպատակին:

Վերլուծաբանը նաև առաջարկում է քննարկել հավաքների եռամսյա ժամկետի հարցը: Ըստ նրա՝ գուցե ավելի արդյունավետ կլիներ ոչ թե տարվա մեջ մեկ անգամ երեք ամսով, այլ ավելի կարճ տևողությամբ, սակայն ավելի հաճախակի հավաքներ անելը: Թեև մյուս կողմից Մհեր Հակոբյանն ընդունում է, որ զինվորականներն էլ իրենց մոտեցումն ունեն այս հարցում:

Զրուցակցի խոսքով՝ եթե գերակշռելի լիներ զուտ ուսումնական գործընթացը, ապա կարելի էր ոչ միայն կարճ անել, այլև ապահովել մասնակիցների՝ երեկոյան տուն գնալը, ուսումնական գործընթացը օրումեջ անել, մի խոսքով՝ այնպես կազմակերպել հավաքները, որ մասնակիցները չկտրվեն իրենց սոցիալական միջավայրից: Բայց հարցն այն է, որ զինվորականներն իրենց բնույթով պահպանողական մարդիկ են և ուզում են, որ «զինվորն իրենց աչքի առաջ լինի, զորանոցում քնի, առավոտյան գա դասի, քան թե երեկոյան գնա տուն, առավոտյան ժամը 9-ին չհասցնի վերադառնալ»: Իսկ այդ դեպքում, բնականաբար, կազմակերպչական միջոցառումների կարիք է լինելու:

«Բայց եթե ընդունենք, որ հավաքները մարտական բաղադրիչ էլ են ունենալու, դրա մասին հստակ չասվեց, ուղղակի հայտարարվեց, որ «անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել», ապա այդ պարագայում պարզ է, որ երեկոյան զինծառայողներին տուն թողնելը այդքան էլ նպատակահարմար չէ: Ամեն դեպքում կարծում եմ, որ երեք ամիսը շատ է: Գուցե կարելի էր այդ երեք ամիսը բաժանելը մեկ կամ նույնիսկ երեք տարվա ընթացքում երկու շաբաթ տևողությամբ հավաքների: Բայց սա ընդամենը իմ կարծիքն է», - ասաց Մհեր Հակոբյանը:

 ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր 2021 թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելու մասին: Հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]