Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աջակցության ծրագրերը վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. Ն. Փաշինյանն ու Ա. Հարությունյանը քննարկում են ունեցել

Աջակցության ծրագրերը վերափոխել Արցախի զարգացման ծրագրերի. Ն. 
Փաշինյանն ու Ա. Հարությունյանը քննարկում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի վերականգնումը: Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու:

 Վերջերս Արցախի նախագահի հետ աշխատանքային հանդիպումներում այդ թեման ավելի հաճախ ենք քննարկում, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:

Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից՝ անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»:

Իր հերթին, ԱՀ նախագահ Արյաիկ Հարությունյանը նշել է.

 «Մեծարգո պարոն վարչապետ, սիրելի գործընկերներ, հետպատերազմյա իրավիճակում միանշանակ մեզ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ: Անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ մենք սուր խնդիրներ չենք ունեցել:

 Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան՝ բնակարանային հարցերի հետ կապված, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք: Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ, մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել:

Երեկ մեզ հաջողվել է քննարկել և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, իհարկե պետք են լինելու արդեն Ձեր հանձնարարությունները, որ այն մտքերը, որ ունեցել ենք, դառնան ծրագրեր: Ժողովրդագրական դրական պատկեր ունենալու առումով մեզ սոցիալական ծրագրերից բացի պետք են լինելու իրականացնել տնտեսական կոնկրետ ծրագրեր՝ աշխատանքի ապահովման, տնտեսության վերականգնման նպատակով:

Բայց նաև ուզում եմ մի հետաքրքիր թիվ նշել. 2021 թվականի պետական բյուջեի նախագծով մեր սեփական մուտքերը պլանավորել էինք 16-17 մլրդ դրամ, բայց հաստատ 30 մլրդ դրամի ցուցանիշն անցնելու ենք: Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բլեզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքն արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, արդեն հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե:

Դրա համար ջրային ծրագրերն արդեն սկսել ենք, երևի 3 ամսում կավարտենք, իսկ էներգետիկ առումով շատ ավելի երկար ժամանակ է պետք: Բայց զուգահեռ մենք արդեն Չարեքթար-Գետավան հատվածում սկսել ենք 17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրոկայանի շինարարության աշխատանքները: Առաջին փուլում տարբեր աղբյուրներից ռեսուրսներ ենք ներգրավելու, այն դառնալու է բաց բաժնետիրական ընկերություն, ինչը թույլ է տալու ներդրողներից ներգրավել ռեսուրսներ: Մենք ունենք նման փորձ «Արցախ հէկ»-ի հետ և խնդիր ենք դրել 2022-2023 թվականների ձմռանն այդ հզորությունը շահագործել: Իսկ նոր ճանապարհի վրա արդեն պլանավորում ենք ավելի հզոր բարձրավոլտ հիդրոէլեկտրոկայան կառուցելու ծրագիր, որն այդ հնարավորությունը տալու է: Երկրորդ մեր կարևոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանի կառուցմանը, այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ:

Գյուղատնտեսության առումով որոշակի ծրագրեր սկսված են, մասնավորապես նոր այգիների կառուցման մասով: Արդեն ժողովրդի մոտ այդ ցանկությունը կա, դրա համար այսօրվա մեր քննարկումն ահագին հարցեր կլուծի: Պարոն վարչապետ, ուզում եմ նորից Ձեր գլխավորությամբ ՀՀ կառավարությանը շնորհակալություն հայտնել այս ընթացքում բոլոր հարցերին օպերատիվ արձագանքելու և դրանց լուծումներ տալու համար»:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]