Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

Քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ. Լիբանանը և հայ համայնքը՝ նավահանգստի պայթյունից մեկ տարի անց  

Քաղաքական անորոշություն, ֆինանսատնտեսական ճգնաժամ. Լիբանանը և հայ 
համայնքը՝ նավահանգստի պայթյունից մեկ տարի անց

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի նավահանգստի պայթյունից արդեն մեկ տարի է անցել, սակայն Լիբանանի ֆինանսական, տնտեսական և քաղաքական խնդիրները դեռևս մնում են չլուծված:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպես բնութագրեց Լիբանանում տիրող ներկա իրավիճակը «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ընդգծելով, որ 2020 թ. օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի բոլոր հանգամանքները դեռևս չեն պարզվել, հետաքննությունը չի ավարտվել, ինչը հասարակական հուզումների և քաղաքացիական անհնազանդության առիթ է տալիս: Այս պայմաններում բանկային, դրամական, ֆինանսատնտեսական, վառելանյութերի, դեղորայքի հետ կապված խնդիրները և քաղաքական անորոշությունը էլ ավելի են խորացնում ճգնաժամը:

«Ծանր տագնապ է հատկապես սոցիալ-տնտեսական առումով, լիբանանյան դրամանիշի անկումը շարունակվում է, սղաճ է, բնականաբար, և սա բնութագրվում է իբրև Լիբանանի ֆինանսատնտեսական պաշարում, որտեղ միջազգային ընտանիքը պայմաններ է դնում՝ թափանցիկություն, պայթյունի պատասխանատուների հաշվետվություն, անկախ արդարադատություն: Հիմա նաև ժողովուրդը և որոշ կազմակերպություններ այս առիթով տեղի ունեցող ցույցերի ժամանակ պահանջում են բոլոր պետական պաշտոնյաների անձեռնմխելիության վերացում, որպեսզի դատավարություն ընթանա, մարդիկ կանչվեն իբրև վկա կամ իբրև մեղադրյալ: Այլ խոսքով՝ մարդիկ պահանջում են անկախ և արդար դատավարություն: Սակայն մի կողմից պայթյունի հետաքննությունը դեռ չի ավարտվել, հասցեական մեղադրանքներ դեռևս չկան, մյուս կողմից՝ ֆինանսական, տնտեսական շատ ծանր իրավիճակ է», - ասաց Շահան Գանտահարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ քաղաքական դաշտում նույնպես անորոշ վիճակ է: Սաադ Հարիրիից հետո նշանակվել է նոր վարչապետ՝ Նաջիբ Միկատին, որն առայժմ կառավարություն չի ձևավորել:

«Չնայած հայտարարությունները փորձում են որոշակի լավատեսություն ստեղծել, բայց դեռևս տեսանելի չէ կառավարության կազմը: Իսկ նման իրավիճակում կառավարության բացակայությունը հավելյալ ճգնաժամ է ստեղծում»,- ասում է Գանտահարյանը:

Անդրադառնալով հայ համայնքի կացությանը՝ Շահան Գանտահարյանը նշեց, որ լիբանանահայությունը, բնականաբար, կրում է այն բոլոր ծանր հետևանքները, որոնք ընդհանրապես լիբանանյան հասարակությունն է կրում, քանի որ այդ հասարակությանը մաս կազմող համայնք է: Միակ տարբերությունն այն է, որ վերջին մեկ տարվա ֆինանսական, սոցիալական, տնտեսական ծանր ճգնաժամի օրերին լիբանանահայ համայնքը ստացավ Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Արցախի, այստեղ ապրող հայրենակիցների աջակցությունը:

«Սա եզակի հանգամանք է: Ուզում եմ ասել՝ համահայկական ցանցային կառույցը շատ ճիշտ և նպատակաուղղված աշխատեց ե՛ւ դրամահավաքներ կազմակերպելու, ե՛ւ օժանդակություններ ուղարկելու, ե՛ւ բարոյական ու այլ բնույթի աջակցություններ ցուցաբերելու առումով: Սա կարևոր հանգամանք է, որի վրա պետք է ուշադրություն կենտրոնացնել», - նշեց «Ազդակի» գլխավոր խմբագիրը:

Շահան Գանտահարյանի խոսքով՝ բնական է, որ ճգնաժամի ու առաջացած սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով նաև մարդկանց որոշ արտահոսք է տեղի ունենում Լիբանանի հայ համայնքից: Բայց հետաքրքիր է, որ այլ երկրներ գնալու լիբանանահայերի փափագի ու մղումի համապատկերում կան նաև Հայաստան վերադառնալու միտումներ:

«Զանգվածային առումով նման երևույթ չկա, բայց, բնականաբար, կան հայեր, որոնք Հայաստան են մեկնում: Ասեմ նաև, որ լիբանանյան ավիաուղիները դեպի Երևան իրականացնում է շաբաթական երեք թռիչք, և այդ թռիչքները ակտիվ աշխատում են, այսինքն՝ անգամ այս պայմաններում մարդկանց կապը Հայաստանի հետ ակտիվացել է», - Բեյրութից հաղորդեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

2020 թ. օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում տեղի էր ունեցել հզոր պայթյուն: Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց էր անօթևան: Զոհվել էր 190 մարդ, տուժել՝ 6 500: Պաշտոնական վարկածով՝ պայթել էր նավահանգստի պահեստներից մեկը, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ՝ ավելի քան 2 700 տոննա ամոնիումի նիտրատ:

Արամ Սարգսյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]