Արցախ

Արցախի նախագահը նշել է, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը

2 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը նշել է, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել է ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել 1990-ականների պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու կամ դրանց տեղը նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա:

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ ներկա փուլում անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության միջոցով: Այդ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում լուծել նաև առօրյա կենսագործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներում մնացած գյուղերի համանքապետերի հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում