Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՌԴ, ԱՄՆ, Նիդերլանդներ, Բելգիա, Լեհաստան. «Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկ հարկի տակ է հավաքել 130 հայ պատանու

ՌԴ, ԱՄՆ, Նիդերլանդներ, Բելգիա, Լեհաստան. «Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկ հարկի 
տակ է հավաքել 130 հայ պատանու

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագիրը մեկ հարկի տակ է հավաքել 13-18 տարեկան պատանիներին ու երիտասարդներին, որոնք Հայաստան են եկել աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցավ ծրագրի 4-րդ փուլի բացման արարողությունը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Քայլ դեպի տուն»-ը լինելու է 14-օրյա ճամբարային ծրագիր: «Մասնակիցներն ունենալու են հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ինչպես նաև ճանաչողական այցելություններ կլինեն դեպի Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպելու են պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մասնակցելու են մարզական և մշակութային միջոցառումների»,- նշեց Ենգիբարյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նրա խոսքով՝ ծրագիրը սկսել է հունիսի 21-ից: «Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցում է 130 սփյուռքահայ պատանի՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Վրաստանից, Բելառուսից, Բելգիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից: Ենգիբարյանն ընդգծեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը շատ է խանգարել երեխաների ՀՀ գալուն, սակայն, այնուամենայնիվ, նրանք ժամանել են իրենց հայրենիք:

ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ շեշտեց, որ նախորդ 3 փուլն անցել է բավականին լավ և ուրախ մթնոլորտում: «Մասնակիցները ստացել են այն, ինչ ակնկալել են ծրագրից, մենք էլ կարողացել էինք ապահովել այն, ինչ խոստացել էինք: Կարծում եմ՝ 4-րդ փուլն էլ նույն կերպ կանցնի: Երեխաները լավ ժամանակ են անցկացնում, ընկերներ են ձեռք բերում»,- ասաց Սինանյանը:

Ծրագրի կրթական ամբողջ բաղադրիչն իրականացնում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: Ընդհանուր առմամբ, այս  տարի ծրագրին մասնակցել է շուրջ 360 երիտասարդ աշխարհի 25 երկրից, ծրագրի յուրաքանչյուր փուլում ընդգրկված է եղել 15 ուսուցիչ և ջոկատավար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]