Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատգամավորներն առաջարկում են անձին հայհոյելու համար սահմանել պատժաչափեր

Պատգամավորներն առաջարկում են անձին հայհոյելու համար սահմանել պատժաչափեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նախ շեշտեց՝ պետք է վիրավորանքից տարբերել հայհոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը, հայհոյախոսությունը:«Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի: Այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն այդ հարցում թողնելու է մենա՞կ, թե՞ այդ վարքագիծն ու դրա արգելքը սահմանելու է օրենքով: Խնդիրը շատ ավելի պրոբլեմատիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունները»,-ասաց Վարդանյանը:

Առաջարկվում է Քրեական օրենսգիրքը լրացնել հոդվածով, որը բաղկացած է 3 մասից: Պատգամավորը պարզաբանեց՝ միայն երրորդ մասով, այսինքն՝ որակյալ հանցակազմի առկայության պայմաններում նախատեսվում է որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց կալանքը, մնացած բոլոր պարագաներում խոսքը վերաբերում է բացառապես տուգանքի միջոցով անձանց պատասխանատվության կանչելուն:

Ըստ համահեղինակի՝ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որ հայհոյանքի միջոցով օգտագործել են վիրավորանք, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, և հասարակությունից հայհոյանքը՝ որպես արժանապատվությանը առավել ծանր հասցնող երևույթ, պետք է վերացվի:

Նախագծով Քրեական օրենսգրքի հոդված 137.1-ով  սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նիկոլ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է հասկանում հեղինակը հայհոյանք ասելով: «Աճառյանի բառարանում հայհոյանքը հասկացվում է ցանկացած սուտ տեղեկատվություն մարդու նկատմամբ հայտնելը: Դուք հիմա ամբիոնից խոսում եք սեռական հայհոյանքի մասին, անպարկեշտ վիրավորանքի մասին»,-ասաց նա:

Վարդանյանն արձագանքեց. «Ամենայն հարգանքով բառարանին և մեծն Աճառյանին, ես շատ եմ օգտվում այդ բառարանից, սակայն դա օրենսդրական ակտ չէ, որով պետք է առաջնորդվենք: Պետք է առաջնորդվենք մեր իրավական ակտերով և դատական իշխանության կողմից մշակված իրավական որոշումներով»:

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 75 կողմ ձայներով: 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am