1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասանելի առողջապահություն՝ բոլորի համար. նախատեսվում է 2024-ից ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն

Հասանելի առողջապահություն՝ բոլորի համար. նախատեսվում է 2024-ից ներդնել 
առողջության համապարփակ ապահովագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է 2024 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, կարող է սահմանվել առողջության հարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ կազմակերպած «Առողջության ապահովագրությունը Հայաստանում. իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով քննարկումը:

«Այն աշխատանքները, որ սկսել էինք 2 տարի առաջ, ցավոք սրտի, որոշակի լավատեղյակ պատճառների պատճառով կանգ էին առել: Մենք շարունակում էինք աշխատել այդ փաստաթղթի կոնցեպտի վրա, սակայն հիմա արդեն սկսում ենք համատեղ քննարկումներ՝ մեր բժշկական հասարակության, մասնագետների հետ, որոնք կարող են մեզ ճիշտ ուղղորդել, թե որն է այդ ճիշտ ճանապարհը, որ մենք կընտրենք ապահովագրության ներդրման ճանապարհին և կհասնենք մեր նպատակներին»,- նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու հիշեցրեց նպատակները՝ ունենալ հասանելի առողջապահություն՝ բոլորի համար:

Նա նկատեց՝ այսօր քաղաքացիներն իրենց գրպանից մեծ գումարներ են ծախսում՝ առողջապահական ծառայություններ ստանալու համար: Շատերը նույնիսկ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել այդ ծառայությունների համար: Նանուշյանը միևնույն ժամանակ հիշեցրեց մի շարք երկրների փորձը, որտեղ առողջության ապահովագրական համակարգերը տարիների ընթացքում կայացել են:

«Մեկ շնչի հաշվով մենք ունենք առողջապահական ծախսերի զգալի աճ: 2000-2015-ին մոտ 3 անգամ աճ ունենք: Այդ ծառայությունների համար ամենամեծ բեռը բաժին է ընկնում մարդկանց գրպանից կատարվող օղակի վճարումներին»,- ասաց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ու հավելեց՝ պետական ծախսերի աճը շատ ավելի քիչ է:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Խարազյանն ընդգծեց՝ հարցման արդյունքները ցույց են տվել, որ ֆինանսական պատճառների համար բժշկի չի դիմում հարցված անձանց 17 տոկոսը, իսկ 56.3 տոկոսը զբաղվում է ինքնաբուժությամբ: «Մեզ անհրաժեշտ է արդյունավետության մակարդակի փոփոխություն: Մենք պետք է ավելացնենք առողջապահական ծախսերի ֆինանսավորման ծավալները՝ պետական մասով: Մենք պետք է  ավելացնենք այն միջոցները, որոնք ուղղվում են ոչ թե անմիջականորեն գրպանից, այլ այլ մոդելներից, օրինակ՝ ապահովագրության: Դա աշխարհում ընդունված է »,-ասաց նա:

Խարազյանը պարզաբանեց՝ ֆինանսավորման նոր աղբյուր ասելով՝ նկատի ունեն առողջության համար նպատակային հարկատեսակ և վճարում: Աշխարհի 80-ից ավելի երկրներ կիրառում են այս մոտեցումը:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ աշխատանքները Հայաստանում սկսվել են դեռևս 2019-ի մարտ-ապրիլից: Այս ընթացքում իրականացվել է հայեցակարգի մշակումը, հաստատվել է ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը, իրականացվել է նաև հիմնական ծառայությունների փաթեթի գնահատում, բնակչության խմբերի սահմանում: Նախատեսվում է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին օրենքի մշակում, նաև այլ օրենքներում փոփոխությունների փաթեթի մշակում: «Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի ձևավորումը նախատեսվում է 2023-ին: Իսկ արդեն ապահովագրության ներդրումը նախատեսվում է 2024 թվականից»,- ասաց Խարազյանը:

«Կոնրադ Ադենաուեր » հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս»-ի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Յոնաթան Նովակը նշեց, որ բուժծառայությունները հասարակության համար պետք է մատչելի լինեն: «Դրա համար պետք է,  որ լինեն լավ ապահովագրական համակարգեր, նաև լավ իրավական հիմքեր՝ նման համակարգեր ստեղծելու համար»,- ասաց նա:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը խոսեց ապահովագրության միջազգային պրակտիկայի, տարբեր մեխանիզմների մասին: «Կան երկրներ, որտեղ աշխատող քաղաքացիները ինչ-որ չափով վճարումներ են կատարում, կան երկրներ, որոնք հավելյալ հարկեր են ներդրել: Թայվանում, երբ գումարները չէին բավարարում համապարփակ ապահովագրությունն ապահովելու համար, իրենք հավելյալ միջոցներ հայթայթեցին, ներդրվեցին հատուկ հարկեր, համակարգը դարձավ ավելի պրոգրեսիվ, ավելի խոցելի խմբերի համար այդ վճարումները գալիս էին ավելի հարուստ խմբերից, որոնք ավելի բարձր եկամուտ ունեին: Կան նաև հատուկ հարկեր, եկամտի որոշակի տոկոս կարող է հատկացվել այս նպատակին»,- պարզաբանեց նա:

Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ-ն պատրաստ է առողջության պարտադիր ապահովագրության անցնելուն, դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք և հավելյալ ֆինանսական միջոցներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]