Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

COVID-19. Քաղաքացիների գրանցման էլեկտրոնային համակարգը պատվաստումային մյուս շարժական կետերում ևս կգործարկվի

COVID-19. Քաղաքացիների գրանցման էլեկտրոնային համակարգը պատվաստումային 
մյուս շարժական կետերում ևս կգործարկվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար արդեն մի քանի օր է գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան: Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, մյուսը՝ ոչ ՀՀ քաղաքացիների` օտարերկրացիների համար: Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, էլեկտրոնային գրանցումների համակարգի գործընթացը համակարգող Լուսինե Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ համակարգն առաջնահերթություն է տալիս ՀՀ քաղաքացիներին, հետո կացության քարտ ունեցող անձանց, վերջում նոր օտարերկրյա քաղաքացիներին:

«Եթե ինչ-որ մի պահի ունենք գրանցված օտարերկրյա քաղաքացիներ, ու այդ ժամանակ մոտենում է ՀՀ քաղաքացին, ապա վերջինիս գրանցելու դեպքում, համակարգն առաջնահերթ կանչում է ՀՀ քաղաքացուն: Համակարգը հուլիսի 17-ից Հյուսիսային պողոտայի շարժական կետում լիարժեք գործում է, այս օրերին անխափան աշխատել է, որևէ խնդիր չի եղել»,-ասաց մասնագետը:

Օտարերկրացիներին գրանցելու համար նախ ստուգվում է նրանց՝ Հայաստանում 10 օր և ավելի լինելու հանգամանքը: Ըստ նոր փոփոխությունների՝ օտարերկրացին կարող է Հայաստանում պատվաստվել, եթե 10 օր և ավելի Հայաստանում է:

«Տեղում ստուգվում են Հայաստան մուտք գործելու տվյալները: Եթե տեսնում ենք, որ անձը 10 օր և ավելի Հայաստանում է, ապա նոր գրանցում ենք: Մեկ օր պակաս լինելու դեպքում չենք գրանցում: Ասեմ, որ համակարգն ունի «Պատվաստում» և «Խորհրդատվություն» բաժիններ: Այսինքն՝ խորհրդատվության համար էլ մարդիկ գրանցվում են, երբ հերթը հասնում է, նոր մոտենում են»,-հավելեց Լուսինե Հովհաննիսյանը:

Մասնագետը նշեց, որ Հյուսիսային պողոտայում գտնվող պատվաստումային շարժական կետում գործարկված էլեկտրոնային համակարգի արդյունավետությունը տեսնելով` պատասխանատուները մտադիր են այն գործարկել նաև Երևանի մյուս շարժական կետերում ևս: Անկախ նրանից օտարերկրացիների հոսք կլինի, թե ոչ, մասնագետները կարծում են, որ համակարգն արդյունավետ է, և ճիշտ կլինի այդ փորձը տարածել նաև մյուս շարժական կետերում:

Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից, պատվաստումային շարժական կետի աշխատանքները համակարգող  թիմի անդամ Հայկ Միլիտոնյանը նշեց, որ համակարգի գործարկման արդյունքներն առաջին իսկ օրվանից տեսանելի են: Նախ դրանից առաջ եղած մեծաքանակ կուտակումները այժմ չկան, հետո էլ հերթերը կանոնակարգված առաջ են գնում: 

«Չկան կուտակումներ, չկա աղմուկ, չկա խուճապ, ամեն ինչ կանոնակարգված է: Պատվաստվող անձը մոտենում է, վերցնում է կտրոնը սպասում իր հերթին: Այն հասնելուն պես պատվաստվում է: Դա հեշտացնում է պատվաստման ամբողջ գործընթացը՝ առաջին հերթին պատվաստվողների ու բժիշկների համար»,-ասաց  Հայկ Միլիտոնյանը:

Երևանում գործող պատվաստումային շարժական կետերից ամենաակտիվը Հյուսիսային պողոտայում տեղակայվածն է, որովհետև զբոսաշրջիկներին հիմնականում այդ կետն է ծանոթ: Հայկ Միլիտոնյանը նշեց, որ մյուս կետերում նույնպես ակտիվ շարժ կա: Հատկապես, երևում է դա տեղացիների շրջանում, գալիս են թե առաջին դեղաչափ, թե երկրորդ դեղաչափ ստանալու:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցած տվյալների համաձայն, Երևանում գործող 5 շարժական պատվաստումային կետերում օրվա կտրվածքով միջինը պատվաստվում է 150-200 անձ: Շարժական պատվաստումային կետեր գործում են նաև Վանաձորում, Կապանում, Գյումրիում:    

Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]