Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերն ինձ համար ահռելի փորձ են լինելու. Վարսենիկ Մանուչարյան

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերն ինձ համար ահռելի փորձ են լինելու. Վարսենիկ 
Մանուչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենակրտսեր անդամը 18-ամյա լողորդ է: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը նա է՝ Վարսենիկ Մանուչարյանը: Վարսենիկն իր ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Նա Օլիմպիական խաղերին մասնակցում է «Սպիտակ քարտ»-ով:

-Վարսենիկ, ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել լողով:

-Անկեղծ ասած, որոշումն իմս չի եղել: Տատիկս որոշել է ու ինձ տարել լողի: Բայց ի սկզբանե հետաքրքրված էի թենիսով, սակայն այդ ժամանակ իմ տարիքային խմբում ազատ տեղ չի եղել: Եկել եմ լողի, ու իմ առաջին մարզիչը Այծեմնիկ Մինասյանն է եղել: Արագ եմ սկսել լողալ սովորել. սկսելուց մի քանի ամիս անց արդեն լողում էի: Երբ տատիկս և մայրիկս տեսան, որ լողում եմ, որոշեցին, որ կշարունակեմ այս մարզաձևում:

-Դուք ընդամենը 18 տարեկան եք և մասնակցելու եք Օլիմպիական խաղերին: Ի՞նչ եք ակնկալում:

-Այս Օլիմպիական խաղերն ինձ համար ահռելի փորձ են լինելու: Գիտակցում եմ, որ առավել ուժեղ և լուրջ լողորդների հետ եմ մրցելու: Հույս ունեմ, որ այս Խաղերի փորձն ինձ կօգնի հաջորդ` Փարիզի Օլիմպիական խաղերին առավել լավ հանդես գալ:

-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք լողից բացի:

-Տարօրինակ կհնչի, բայց սիրում եմ ըմբշամարտն ու ծանրամարտը: Միշտ հետևում եմ մեր մարզիկների ելույթներին միջազգային մրցաշարերում: Ինքս երկար տարիներ զբաղվել եմ նաև վոլեյբոլով: Հիմա սովորում եմ Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջում: Այն կարծիքին եմ, որ մարզիկների համար կարևոր է նաև կրթությունը:

-Հիմա այդ նույն մարզիկների հետ նույն հավաքականում եք լինելու:

-Այո, այո: Դրա համար շատ ուրախ եմ, քանի որ մեծ հիացմունք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Նա իմ ամենասիրելի մարզիկն է: Լոնդոնի Օլիմպիական խաղերում, երբ 3-րդն էր, իր համար շատ էի տխրել: Վստահ էի, որ Ռիոյի խաղերում կհաղթի:

-Բնութագրեք խնդրեմ Օլիմպիական խաղերը մեկ բառով:

-Երազանք:

Մի քանի բլից հարցեր. լե՞ռ, թե՞ ծով:

- Ծով:

Թո՞մը, թե՞ Ջերին:

 - Թոմը: 

Նարդի՞, թե՞ շախմատ: 

- Նարդի:  

- Տոլմա՞, թե՞ խորոված:  

- Խորոված: 

Պիցցա՞, թե՞ պաղպաղակ: 

- Պաղպաղակ:   

Գի՞րք, թե՞ ֆիլմ: 

- Ֆիլմ: 

Սո՞ւրճ, թե՞ թեյ: 

-Սուրճ:

Բատերֆլա՞յ, թե՞ թիկնալող:

-Բատերֆլայ:

 - Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ՝ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

 

Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան  

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի  

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 7 օր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am