Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ո՞վ էր նա` Երեւանի պետական համալսարանի առաջին ռեկտորը…

Ո՞վ էր նա` Երեւանի պետական համալսարանի առաջին ռեկտորը…

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ հարցին պատասխանելը, արժե իմանալ` իսկապես, ո՞վ էր նա եւ ինչո՞ւ հենց նա… Նրա մասին կարելի է գրել համառոտ, ինչպես կենսագրական ամփոփում` հայ իրավաբան, սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչ, իրավագիտության պրոֆեսոր (1884), գիտնական-ցիվիլիստ, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1884-1899), ԵՊՀ առաջին ռեկտոր (1919-1920) եւ այլն…

Սույն ամփոփագրում, գուցե եւ, ծափահարության արժանի ինչ-որ խայծ կա, բայց մի՞թե դրանով կարող ենք պատկերացում կազմել անձի մասին, ով շարժում է մեր հետաքրքրասիրությունը, եթե անգամ հրապարակվի նրա անունը… հազիվ թե, քանզի, գոնե այսօր, նույնիսկ համալսարանականները կդժվարանան պատասխանել այդ հարցին, իսկ նա Յուրի (Գեորգի) Ստեփանի Ղամբարյանն է. ծնվել է 1850 թ.` Թիֆլիսում, ծնունդով ավագ-սպայական կազմի երեխաներից, ովքեր պատկանում էին Ռուսական կայսրության անձնապես ազատ խմբին, ինչը Ռուսաստանում սկզբնավորվել է 1722-ից։ Այդ երեխաները ոչ տոհմիկ պաշտոնյաների զավակներ էին, ովքեր ծնվել էին մինչեւ հայրերի` առաջին սպայական աստիճան ստանալը, աստիճան, որը սպաներին ժառանգական ազնվականություն ձեռք բերելու իրավունք էր տալիս։ Յուրիի հայրը` Ստեփան Ղամբարյանը ծառայությամբ հասավ իսկական պետական խորհրդատուի աստիճանի, ինչը նրան ազնվականություն շնորհեց։ Ստեփան Ղամբարյանը նահանգական դատախազ էր, ումից էլ, հավանաբար, Յուրին ժառանգել է իրավաբանության հանդեպ հակումը, բայց մինչ այդ` 1866 թ., Յուրին ավարտում է Թիֆլիսի 1-ին արական գիմնազիան, այնուհետեւ ուսումը շարունակում Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում եւ 1870-ին այն ավարտում թեկնածուական աստիճանով։ Անցնում է աշխատանքի Թիֆլիսի դատական պալատում` որպես դատական քննիչ, իսկ 1873-1874 թթ. մեկնում գիտական գործուղման` Եվրոպա (Ավստրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա)։ 1880 թ. Մոսկվայի համալսարանում պաշտպանում է մագիստրոսական թեզ`«Ինքնակամ եւ անհատույց գործունեություն հանուն ուրիշի շահի» թեմայով։ Նույն թվականի հոկտեմբերին ընտրվում է Նովոռոսիյսկի համալսարանի դոցենտ քաղաքացիական իրավունքի ամբիոնում։ Եվ դարձյալ` 1882-ի ապրիլից մինչեւ 1883-ի հուլիսը, մեկնում է արտասահմանյան գործուղման, որից հետո շարունակում աշխատանքը նույն համալսարանում։ Եվ արդեն 1884 թ. հուլիսից մինչեւ 1899-ի սեպտեմբերը դասախոսում է Մոսկվայի համալսարանում, սկզբում` դոցենտ, իսկ 1884 թ. դեկտեմբերից` արտահաստիքային պրոֆեսոր` քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության ամբիոնում. դասընթացը ռուսական քաղաքացիության պրոցեսի մասին էր։ 1889 թ. պաշտպանում է իրավունքի դոկտորի աստիճան ստանալու թեզ` «Հասարակական շահը քաղաքացիական իրավունքում» թեմայով։

Բախտի քմահաճույքով հենց հասարակական շահն էլ մարտահրավեր է նետում անձնական շահին, եւ Ղամբարյանը 1899 թ. ամռանը ստիպված թողնում է Մոսկվայի համալսարանը, որտեղ զգալի ներդրում ուներ։ Խնդիրը կապված էր հայկական ազգային շարժման հետ, որն ակտիվորեն պաշտպանում էր Ղամբարյանը` նույն համալսարանի պրոֆեսոր Ներսես Ներսեսովի հետ միասին. ղեկավարում էր դրամական միջոցների հավաքը եւ Մոսկվայի հայկական գաղութի ներկայացուցիչներից կազմված կոմիտեի գործունեությունը։ Ղամբարյանի հասարարական գործունեության մասին 1890 թ. դեկտեմբերի 23-ին զեկուցում է Մոսկվայի ուսումնական օկրուգի հոգաբարձու Պ. Ա. Կապնիստը։ Գիտնականի հասարակական զբաղմունքը դուր չի գալիս այն ժամանակվա ժողովրդական լուսավորության մինիստր Ն. Պ. Բոգոլեպովին, ով կատեգորիկ դնում է Ղամբարյանին համալսարանից հեռացնելու հարցը։ Ղամբարյանը հեռանում է, սակայն դրանով չի ավարտվում նրա դասախոսական աշխատանքը. 1900 թ. տեղափոխվում է Փարիզ. սկզբում պարապմունքներ է անցկացնում Միջազգային դպրոցում, այնուհետեւ մասնակցում Ռուսական հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսություններ կարդում նաեւ Բրյուսելի համալսարանում. վերադառնալով Ռուսաստան, 1906-1911 թթ. ստանձնում է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը, զբաղվում նաեւ ստեղծագործական աշխատանքով` մշակում ու հրատարակում է քաղաքացիական իրավունքի դասընթացը եւ  այլ արժեքավոր աշխատություններ։ Աշխատություններում տալիս է իրավունքի եւ պետության, իրավունքի եւ օրենքի, հասարակության եւ քաղաքացու, իշխանության եւ իրավունքի խնդիրներին առնչվող մեկնաբանություններ ու սահմանումներ։ Ասենք, իրավունքի եւ պետության առնչությամբ` կարծում է, որ տրամաբանորեն իրավունքը նախորդում է պետությանը, այդ պատճառով «անհնար է դատել պետություն հասկացության մասին՝ չունենալով իրավունքի պատրաստի հասկացությունը, որն անհրաժեշտ պայման է պետության մասին պատկերացման համար»: Օրենքի եւ իրավունքի միջեւ սահմանազատման կողմնակից էր, ընդունում էր «բարձրագույն» իրավունքի գոյությունը որպես իդեալական նպատակ եւ պոզիտիվ իրավունքի գնահատման չափանիշ։ Օրենքը համարում էր` ավելի կամ պակաս, իրավունքի ճշգրիտ արտացոլումը։ Դրա հետ մեկտեղ՝ իրավունքն առաջարկում էր համարել ոչ բնական, այլ «իրավունք` չվավերացված հարկադրանքով»։ Ռուսական աղբյուրներում Ղամբարյանը հիշատակվում եւ մեծարվում է որպես Ռուսաստանի սոցիոլոգիական դպրոցի  հիմնադիր։ Սեփական աշխատություններից զատ, թարգմանում ու խմբագրում է անհրաժեշտ գրականություն, «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր, աչքի էր ընկնում հասարակական ակտիվ գործունեությամբ եւ կազմակերպչական տաղանդով։

1917 թ. Ղամբարյանը վերադառնում է Թիֆլիս, իսկ 1922-ից` փոքր ընդմիջումից հետո, սկսում ղեկավարել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Իսկ ինչո՞ւ Վրաստանի մայրաքաղաք եւ ոչ Երեւան. Երեւա՞նը չէր հրապուրում Ղամբարյանին, թե՞ մեր մայրաքաղաքը չուներ համապատասխան հաստատություն, ուր իր ուժերը կարող էր ներդնել վաստակաշատ գիտնականը. ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը… Բանն այն է, որ, երբ 1919 թ. ՀՀ կառավարությունն իրականացրեց ազգային համալսարան ունենալու գաղափարը, Յուրի Ղամբարյանը հրավիրվեց համալսարան` որպես կազմակերպիչ ռեկտոր. նա սիրով համաձայնեց ու նույն թվականի հուլիսից ոգեւորությամբ անցավ աշխատանքի։ Մինչեւ 1920 թ. դեկտեմբերը ահռելի գործ կատարեց` լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը, ապահովեց համալսարանի գիտական ներուժը, հավաքագրեց հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծեց բարձրորակ աշխատակազմ։ Հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ. Պոլսում, Ավստրիայում ու Պարսկաստանում՝ կազմակերպելու կամավոր նվիրատվությունների հանգանակում եւ համալսարանի գրադարանի համար ձեռք բերելու գրքեր` թե՛ գիտական հիմնարկներից, թե՛ մասնավոր անձանցից։

Ոգեւորությունը երկար չտեւեց. շուտով միջամտեց ամենայն քաղաքականությունը. հանուն ազգային շահի մի անգամ արդեն սեփական կարիերան զոհաբերած մեծանուն պրոֆեսորն ու գիտնականն այս անգամ էլ ստիպված էր լքել հայրենիքը. 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեցին համալսարանի այսպես կոչված՝ դիմագիծն ու ծրագրերը, եւ նախկին աշխատակազմը` ռեկտորի հետ միասին, ազատ արձակվեց։ Յ. Ղամբարյանն ստիպված էր վերադառնալ Թիֆլիս։

Կարելի է կարծել, թե մարդիկ պարտվում են իրենց թույլ կողմերի պատճառով, սակայն կյանքում բազում են օրինակները, երբ, ուժեղ լինելով հանդերձ, ուժեղներն ուղղակի նահանջում են` չտրվելով անիմաստ պայքարի խայծին, շատ լավ իմանալով թե՛ իրենց իրավունքները, թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության որակը։ Այդպես էլ Ղամբարյանը դառնորեն հեռացավ այնքան սիրելի հայրենիքից` առանց ետ նայելու «իրավունքի»…

Յուրի Ստեփանի Ղամբարյանը վախճանվել է 1926 թ.` Մոսկվայում, հուղարկավորվել Նովոդեւիչե գերեզմանատանը։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am