Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում 9 թեզ ներկայացրեց նախընտարական փուլում, իր տվյալներով, արմատական խախտումների մասին

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում 9 թեզ ներկայացրեց նախընտարական փուլում, իր տվյալներով, արմատական խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը  9 թեզ ներկայացրեց  արտահերթ խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանը նշեց, որ բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։

«Մեր դիմումի շրջանակներում սահմանադրական դատարանի քննարկման առարկա են ցանկանում դարձնել ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում։ Դրանք երկակի հարված կարող են հասցնել մեր պետականությանը։ Մի կողմից՝ այդ խախտումները ապալեգիտիմացնում են Ազգային ժողովը, որի հետևանքով շղթայական առումով վտանգվում է Ազգային ժողովի կողմից ձևավորվող մարմինների լեգիտիմությունը։ Մյուս կողմից՝ այդ խախտումների հանդուրժումը և կոշտ չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան»,- ասաց Հարությունյանը։

Նա դիմումը ներկայացրեց 9 թեզերով․

առաջինը՝ ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիք, հոգեբանական ահաբեկում ու նվաստացում, ազատ ընտրության սկզբունքի էության կոպիտ ոտնահարում,

երկրորդ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, լինելով հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը,

երրորդ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններում արձանագրվածը հաստատում է ազատության իրավունքի խախտման փաստը,

չորրորդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է բռնության կիրառման սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,

հինգերորդ՝ Փաշինյանի կողմից հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել,

վեցերորդ՝ իրավապահ համակարգի գործողությունները և անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,

յոթերորդ՝ ազատ ընտրության իրավունքի խախտումները ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտորեն առկա են ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը,

ութերորդ՝ Հանրային հեռուստատեսության լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասար ընտրության սկզբունքը,  

իններորդ՝ Փաշինյանը ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որը օրենքով համարվում է օրինական, իրականում ապօրինի էր։

Դավիթ Հարությունյանը յուրաքանչյուր թեզի մասով ներկայացրեց իրենց հիմնավորումները և գնահատականները։

ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]