Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սահմանային իրավիճակը կհանգուցալուծվի սահմանագծման և սահմանազատման դեպքում. փորձագետներն ամփոփում են Փաշինյան-Պուտին հանդիպումը

Սահմանային իրավիճակը կհանգուցալուծվի սահմանագծման և սահմանազատման 
դեպքում. փորձագետներն ամփոփում են Փաշինյան-Պուտին հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուսաստանցի փորձագետները չեն բացառում, որ ռուսաստանյան սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում կկայունացնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանային գոտում առաջացած պայթյունավտանգ իրավիճակը, սակայն խնդիրը, նրանց կարծիքով, սկզբունքորեն կլուծվի միայն այն դեպքում, երբ կողմերը համաձայնության հասնեն սահմանագծման և սահմանազատման հարցերի շուրջ: Ընդ որում, շատերը համոզված են, որ այս գործընթացում որոշիչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ առանց Ռուսաստանի միջնորդական առաքելության այս խնդիրը 100 անգամ ավելի դժվար կլինի լուծել:

«Ես հավատում եմ, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ է, երբ կարծում է, որ այս խնդիրների լուծումը պետք է պատվիրակել Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով նրան անաչառ, արդար դատավորի դեր խաղալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1921 թ. սկսած՝ Մոսկվան անկրկնելի, անհամեմատելի դերակատարություն ունի բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության վարչական, իսկ այժմ արդեն պետական սահմանները գծելիս», - ասաց Արամ Սաֆարյանը՝ ընդգծելով, որ իր փորձն ու զգացողությունը, իբրև ՀՀ պետականությանը ծառայած և պետականության ամրապնդման համար աշխատած մարդու, իրեն ասում է, որ բացի Ռուսաստանից՝ այդ դերը ոչ ոք չի ստանձնելու:

«Ոչ ոք պատրաստ չէ և չի էլ ուզենա միջնորդ լինել այս ծանր, դժվարին և մեծապես նաև անշնորհակալ գործում: Եվ Ռուսաստանը սա անում է միայն մի բանի պատճառով՝ նա չի ուզում Անդրկովկասում ունենալ մի նոր, չմարած, մեծ կոնֆլիկտի օջախ: Ես հավատում եմ՝ Ռուսաստանի առաքելությունը Հարավային Կովկասում առկա հակամարտությունները կարգավորելու գործում անփոխարինելի է», - նշեց վերլուծաբանը:

Թե ի՞նչ առաջընթաց կլինի սահմանային խնդիրների լուծման, տարածաշրջանում կայունության հաստատման և հայ բոլոր ռազմագերիներին վերադարձնելու հարցում Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը դժվարանում է ասել: Ամեն դեպքում փորձագետը համոզված է, որ առանց սահմանագծման և սահմանազատման խնդիրը չի կարող լուծվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ռուսաստանցի փորձագետը նշեց՝ Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ վերջին պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքների և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները ճշգրտված չեն, և ամեն կերպ փորձում է առաջ գալ սահմանի այս կամ այն հատվածում: Ընդ որում, ինչպես ռուսաստանցի փորձագետն է շեշտում՝ հարցը զգալի առումով քաղաքական է, քանի որ այն կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի վրա:

«Այսօր սա սկզբունքային հարց է Հայաստանի համար, բայց քանի դեռ սահմանները ճշգրտված չեն՝ Ադրբեջանին որևէ պահանջ կամ բողոք ներկայացնելը շատ դժվար է: Երբ ստորագրվի համաձայնագիր սահմանագծման և սահմանազատման մասին՝ այդ ժամանակ արդեն կարելի է սահմանապահ զորքեր տեղակայել, այդ թվում՝ հրավիրել ռուսաստանյան սահմանապահներին և պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, եթե ադրբեջանական կողմը խախտում է սահմանը: Եվ կարծում եմ, որ առանց Ռուսաստանի մասնակցության սահմանների դելիմիտացիան իրականացնելը պարզապես անհնար է: Եվ հետո, եթե Ռուսաստանը իր սահմանապահներին է տեղակայում Հայաստանի սահմանին, ապա, այո, նա դառնում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը տվյալ հատվածում», - նշեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցերին, այլև 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և անվտանգության մարտահրավերներին: Նիկոլ Փաշինյանն ասել է, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Վարչապետի պաշտոնակատարը ավելացրել է, որ իրավիճակը անկայուն է նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին:

«Ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Հանդիպման նախօրեին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայվել են ռուսաստանյան սահմանապահներ, և այժմ առարկայական քննարկումներ են ընթանում նրանց ներկայությունն ընդլայնելու հարցի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստինհանդես էր եկել բաց առաջարկով՝ ուղղված միջազգային հանրությանը: Նա առաջարկել էր հետ «հայելային եղանակով» հետ քաշել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածից և սահմանային լարվածությունը թուլացնելու նպատակով այնտեղ տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am