Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Անփոխարինելի մեծությունն ու ազգային արժեքը. արվեստագետները՝ Ջիվան Գասպարյանի մասին

Անփոխարինելի մեծությունն ու ազգային արժեքը. արվեստագետները՝ Ջիվան 
Գասպարյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում հայկական ծիրանափողն ու երաժշտությունը հանրահռչակած, մեր երկրի պատիվը տարիներ շարունակ տարբեր երաժշտական հարթակներում բարձր պահած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին ոլորտի ներկայացուցիչները կենսուրախ և հետաքրքիր անհատ են համարում, նշում, որ նրա կորուստը անդառնալի է հայ ժողովրդի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի տնօրեն Գրիգոր Ոսկանյանը նշում է՝ Ջիվան Գասպարյանն ազգային արժեք է և մնալու է այդպիսին:  Ոսկանյանը հիշեցնում է, որ Գասպարյանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է անսամբլից՝ երկար տարիներ լինելով մենակատար:

«Ըստ իս՝ մենք անդառնալի կորուստ ունեցանք, Գասպարյանը մեզ համար անփոխարինելի մեծություն էր»,-շեշտում է նա:

Ոսկանյանը պատմում է՝ եթե Ջիվան Գասպարյանը Երևանում էր լինում և ժամանակ էր գտնում, անպայման գալիս էր անսամբլի համերգներին, իսկ  համագործակցության վերջին առիթը վարպետի 90-ամյակն է եղել: «Նա մշտապես մեզ հետ կապի մեջ է եղել՝ համույթը համարելով իր օջախը»,-եզրափակում է Գրիգոր Ոսկանյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը խորը ցավով է տեղեկացել Գասպարյանի մահվան մասին: 

Հովհաննիսյանն ընդգծում է, որ Ջիվան Գասպարյանը դուդուկի համբավը, գործիքի արժեքը այն աստիճանի է բարձրացրել և կարևորել ամբողջ աշխարհում, որ դուդուկի թե՛ երեկվա, թե՛ այսօրվա դասարանները նրա դպրոցը կարելի համարել: «Բառեր չունեմ արտահայտելու իմ զգացմունքները: Նա մարդ էր, որն աշխարհում հանրահռչակեց մեր ազգային գործիքը, մեծ արձագանք ու հետաքրքրություն ստեղծեց մեր ծիրանափողի, հայկական ազգային երաժշտության շուրջ»,-շեշտում է Հովհաննիսյանը:

Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը խոստովանում է, որ Ջիվան Գասպարյանն իրեն շատ է սիրել, բազմիցս հյուրընկալել է իր տանն ու մշտապես աջակցել է խորհուրդներով: Դաբաղյանը փաստում է՝վարպետը հումորով էր, ժամանակակից, երեխայի հետ երեխա էր, երիտասարդի հետ՝ երիտասարդ, հետաքրքիր մարդ էր բոլորի համար, կյանքով լեցուն էր ու կենսախինդ:

«Ես չէ, որ պետք է խոսեմ նրա մասին, քանի որ Գասպարյանն իր գործով, անցած ճանապարհով ամեն ինչ ասել ու ապացուցել է: Նա մեծ ավանդ ու ներդրում ունի մեր երաժշտության զարգացման ու տարածման գործում: Ջիվան Գասպարյանը դուդուկը հայկական միջավայրից հանեց միջազգային հարթակ: Դա  բոլորս գիտենք, նորություն չէ»,-նշում է Դաբաղյանն ու շեշտում, որ շատ է ցավում վարպետի կորսի համար:

Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել, քանի որ մայրը վաղ է մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել: Գասպարյանը մեծացել է որբանոցում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից։ 1947 թվականին մեկնել է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է «Պոբեդա» ժամացույց։ 1956 թվականին ստացել  է առաջին մրցանակը, 1959-ին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄԻ (UNESCO) հովանավորությամբ։ Նույն մրցույթին մասնակցելով 1962 թվականին՝ ստացել է արծաթե մեդալ, 1973-ին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները», «Ռոնին», «Օնեգին», «Գլադիատոր», «Սիրանա», «Արյունոտ ադամանդ», «Ձյուն և մոխիր» և այլն: Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն, նվագել է շուրջ 20 հազար համերգային ծրագրում:

Գասպարյանի մահվան լուրը հուլիսի 6-ին հայտնել էր Ջիվան Գասպարյան կրտսերը:

Անժելա Համբարձումյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am