Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է, կենդանիները պատվաստվել են ըստ պլանի. ԷՆ-ի պարզանումը

Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է, կենդանիները պատվաստվել են 
ըստ պլանի. ԷՆ-ի պարզանումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան այն հրապարակումների՝ ըստ որոնց ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ, արձանագրվել են կենդանիների անկումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից մասնավորապես տեղեկացրել են, որ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը  2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ:  

«Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի գլխավորությամբ, անմիջապես այցելել է նշված համայնքներ և տեղում ծանոթացել իրավիճակին: Կենդանիների մոտ, ըստ ախտանատոմիական ընթացքի, արձանագրվել են բնախոսականից շեղումներ եւ, համաձայն կլինիկայի մասնագետների, կենդանիները մինչև անկումն ունեցել են ջերմության բարձրացում, թուլություն, հրաժարվել են կերից և այլն: Իրավիճակը մասնագետների կողմից գնահատվել և ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին։ Արդյունքում՝ որոշում է կայացվել սկսել լայնածավալ բուժման գործընթաց, իսկ կլինիկապես առողջ կենդանիներին՝ կրկնակի պատվաստել»,-հայտնել են նախարարությունից:

ՊՈԱԿ-ի տնօրենը 24-ժամյա ռեժիմով խորհրդակցել և վիճակը ներկայացրել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, անձամբ հսկել և կազմակերպել իրականացվող միջոցառումները: Նախարարությունից վստահեցրել են, որ անասնաբույժների կողմից իրականացված գործողությունների արդյունքում՝ կլինիկական նշաններ ունեցող անասնագլխաքանակի  շուրջ 85-90 տոկոսի մոտ ժամեր անց արձանագրվել է հիվանդության կլինիկական նշանների նահանջ և վիճակի բարելավում: 

«Այսօր կենդանիների անկումներ չեն գրանցվել և անասնահամաճարակային վիճակը մարզերում գնահատվում է կայուն և վերահսկվող։ Իրավիճակը գտնվում է տնօրենի անմիջական վերահսկողության տակ, իսկ աշխատանքները տարվում են ըստ անհրաժեշտության։ Հարկ ենք համարում նշել, որ ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումներն ու հակահամաճարակային միջոցառումները։ Նշված համայնքներում մանր և խոշոր եղջերավոր կենդանիները պատվաստվել են  ապրիլի սկզբին, իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը՝ հունիսին, ինչպես և նախատեսված է հակահամաճարակային պլանով»,-ասված է պարզաբանման մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]